2014-ին պետական ծրագրերով Հայաստան է բերվել բելառուսական 250 տրակտոր եւ 150 միավոր այլ գյուղտեխնիկա: Այդ մասին փետրվարի 19-ին Երեւանում Հայաստանի էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանի հետ հայ-բելառուսական միջկառավարական հանձնաժողովի նիստի արդյունքներն ամփոփող ճեպազրույցին հայտնել է Բելառուսի անտառտնտեսության նախարար Միխայիլ Ամելյանովիչը:
Բելառուսի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունները դինամիկ զարգանում են, հեռանկարում մի շարք որոշումներ կան: Բանակցություններ են վարվում գյուղատնտեսության վերաբերյալ համաձայնագրերը մի քանի տարով երկարաձգելու, ինչպես նաեւ պարարտանյութի մատակարարման վերաբերյալ (դրանց արտադրողը «Բելառուսկալի» ԲԲԸ-ն Բելառուսի խոշորագույն ձեռնարկություններից է. խմբ.):
«Մենք խոսում ենք Հայաստանի լեռնային հանքարդյունաբերության մեջ Բելազ ապրանքանիշի մեր քարհանքային ինքաթափ բեռնատարների օգտագործման մասին: Որակով դրանք չեն զիջում համաշխարհային ստանդարտներին, իսկ գինն այսօր ավելի ցածր է», - ասել է նախարարը:
Բելառուսական կողմը ողջունում է նաեւ հայկական արտադրանքի առաքումները` կոնյակի սպիրտների, գինու, գյուղատնտեսական արտադրանքի: «Կարծում եմ, Հայաստանից մատակարարումների ծավալներն ամեն տարի կավելանան», - ամփոփել է նա:





























