Լիբիայում ԱՄՆ-ի ավիահարվածների թիրախն այդ երկրում «Իսլամական պետություն» խմբավորման «ավագ համակարգողն» էր, որը զբաղվում էր զինյալների պատրաստմամբ: Ըստ ՏԱՍՍ-ի, այս մասին հաղորդել է Պենտագոնը:

Ավելի վաղ ԱՄՆ զինված ուժերի Աֆրիկյան հրամանատարության ներկայացուցիչ Մարկ Չիդլը հաղորդել էր լիբիական Սաբրատա քաղաքու ԻՊ-ի ճամբարի ուղղությամբ ավիահարվածներ հասցնելու մասին: New York Times-ը, վկայակոչելով արեւմտյան աղբյուրների, հաղորդել էր, որ գործողության արդյունքում ավելի քան 30 զինյալ է ոչնչացվել:

«Հարվածների թիրախը Սաբրատայի ճամբարն ու թունիսցի Նուրեդդին Չուչան Սաբիրն էին՝ ԻՊ-ի ավագ համակարգողը: Նա համակարգում էր Թունիսից Լիբիա եւ այլ երկրներ օտարերկրյա զինյալների հոսքը»,- ասված է Պենտագոնի հաղորդագրությունում:

Ըստ ՌԻԱ Նովոստիի, ամերիկյան պաշտպանական գերատեսչությունը հիշեցնում է, որ Թունիսի իշխանությունները հենց Սաբիրին էին կասկածում Բարդոյի թանգարանում 2015 թվականի մարտի 18-ի ահաբեկչության մեջ: