Էկոնոմիկայի նախարարությունը պատրաստվում է 2016 թվականին Նյու Յորքում անցկացվելիք Հայաստանի ներդրումային համաժողովին: Այս մասին փետրվարի 19-ին լրագրողներին հայտարարեց նախարարության ներդրումային քաղաքականության վարչության պետ Վահագն Լալայանը:
Նախապատրաստական աշխատանքները կարող են սկսվել արդեն ապրիլ-մայիսին: Ըստ պաշտոնյայի, ընդունված չէ ներդրողներին հավաքել փետրվար-մարտին. այդպիսի միջոցառումներն անցկացվում են ապրիլից հունիս կամ սեպտեմբերից նոյեմբեր:
Հայաստանի Զարգացման հիմնադրամն արդեն խորհրդատուների է ներգրավել՝ շնորհանդեսներ նախապատրաստելու համար (հայկական «Ամերիա»-ն եւ միջազգային «Պրագմա»-ն - խմբ.): Ամենայն հավանականությամբ, կներկայացվեն նաեւ առանձին ներդրումային ծրագրեր, ինչպես նաեւ ամբողջական ոլորտներ:
«Այն ոլորտներում, որտեղ չենք կարողանա խոշոր ծրագրեր ներկայացնել՝ 10-20 միլիոն եւ ավելի, կներկայացնենք ոլորտն ամբողջությամբ»,- պարզաբանեց Լալայանը՝ հավելելով, որ նաեւ թեմատիկ քննարկումներ կանցկացվեն:
Հիշեցնենք, որ նախատեսվում է համաժողովն անցկացնել Նյու Յորքում, իսկ մինչ այդ շնորհանդեսներ կկազմակերպվեն 7 խոշոր գործարար կենտրոններում՝ Լոս Անջելեսում, Բուենոս Այրեսում, Լոնդոնում, Մոսկվայում, Շանհայում, Հոնկոնգում, Դուբայում:





























