Վանաձորում հաճախակիացել են դեպքերը, երբ արտերկրում այլազգի կանանցից երեխա ունեցող հայ տղամարդիկ իրենց երեխաներին հայրական տուն են բերում եւ տատիկների խնամքին թողնում, իսկ իրենք նորից մեկնում արտերկիր։

«Միայն վերջին մեկ տարվա ընթացքում Վանաձորում գրանցվել է նման 4-5 դեպք»,- NEWS.am-ին ասաց Վանաձորի քաղաքապետարանի խնամակալության ու հոգաբարձության հանձնաժողովի քարտուղար Լեռնուհի Գևորգյանը:

Վերջինի խոսքով` ի տարբերություն այս տարվա,  նախկինում նման դեպքեր շատ հազվադեպ էին գրանցվում:

Նմանատիպ վերջին դեպքը հանձնաժողովի նիստում քննարկվել է օրերս։ 5-ամյա Ինեսան մի քանի տարի է, գտնվում  է Վանաձորում բնակվող 69-ամյա տատիկի խնամքին: Հայրը Ռուսաստանի Դաշնությունում ազատազրկված է, իսկ ազգությամբ ռուս մորը Ռուսաստանում դատարանը զրկել է մայրական իրավունքից:

Մայրը երեխային հորական տատի խնամքին է հանձնել ու համաձայնություն տվել, որ աղջիկը Հայաստան տեղափոխվի։ Նա տատիկին խնդրել է Հայաստան տանել նաեւ իր մյուս երեխային, որը թուրք տղամարդուց էր ունեցել, սակայն վանաձորցի կինը չի համաձայնել։

Երեխայի հայրը դեռ երկու տարի պետք է անցկացնի ազատազրկման վայրում: