ՌԴ Զինված ուժերի Հարավային ռազմական օկրուգում մարտական պատրաստվածության հանկարծակի ստուգումներն ի հայտ են բերել անձնակազմի որակավորման բարձր մակարդակ: Այս մասին Դոնի Ռոստովում Հայրենիքի պաշտպանի օրվա միջոցառումներին նվիրված միջոցառումների ժամանակ հայտնել է Հարավային ռազմական օկրուգի զորքերի հրամանատար Ալեքսանդր Գալկինը:
«Ստուգումներն ի հայտ են բերել անձնակազմի որակավորման բարձր մակարդակը, տեխնիկական պատրաստվածությունը եւ զորամասերի մարտական միավորումների լրակազմությունը»,- ասել է Գալկինը:
Նա նաեւ հավելել է, որ զորավարժությունների ընթացքում գնահատվել է ճգնաժամային իրավիճակներում՝ ահաբեկչական սպառնալիքների դեմ պայքարում, բնական եւ տեխնածին աղետների հետեւանքների վերացման ժամանակ, Հարավային ռազմական օկրուգի զինծառայողների պատրաստվածությունը, փոխացնում է RIA Novosti-ն:
Հիշեցնենք, որ փետրվարի 8-ին Հարավային ռազմական օկրուգի զորքերում ու Ռուսաստանի օդադեսանտային զորքերի ու ռազմատրանսպորտային ավիացիայի առանձին միավորումներում անսպասելի ստուգումներ էին սկսվել: Գյումրիում 102-րդ ռուսական ռազմակայանը նույնպես Հարավային ռազմական օկրուգի մասն է կազմում:





























