Մոսկվայի եւ Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը հրաշք է անվանել Ռուս ուղղափառ եւ Հռոմի կաթոլիկ եկեղեցիների միավորման հնարավորությունը։

Ինչպես հաղորդում է «ՌԻԱ նովոստին», պատրիարքը Լատինական Ամերիկա եւ Անտարկտիդա կատարած երկշաբաթյա շրջագայությունից հետո լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է. «Եթե խոսենք երկու եկեղեցիների միավորման մասին, դա կլինի Աստծո հրաշք, եթե մենք երբեւէ մինչեւ այդ օրը ապրենք։ Ես նման վստահություն չունեմ, որ այդ օրվա ականատեսը կլինեմ, բայց հնարավոր է ինչ-որ մեկը երբեւեէ ապրի մինչեւ այդ օրը»։

Նա ընդգծել է, որ «եկեղեցիները հնարավոր չէ մերձեցնել երկու առաջնորդների պայմանավորվածություններով, էլ չեմ խոսում միավորման մասին»։

Պատրիարքը կոչ է արել իր հոտին չվախենալ, որ Հռոմի պապի հետ հանդիպումից հետո ծիսակարգը կարող է փոխվել, քանի որ նման հարցեր չեն քննարկվել։ Նա ընդգծել է, որ այդ հարցերում տարաձայնությունները պահպանվում են։