Ղազախստանում ձերբակալել են Ազգային մամուլի ակումբի նախագահ Սեյթքազը Մատաեւին, որին կասկածում են խոշոր չափի յուրացումների մեջ։ Այս մասին հայտնել է Ղազախստանի պետական ծառայության նախարարության կոռուպցիայի հակազդեցության ազգային գրասենյակից, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Նրան  մեղադրանք է ներկայացվել յուրացումների եւ հարկերից խուսափելու հոդվածներով»,- ասված է գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ իրավախախտումները կապ ունեն պետական միջոցների յուրացման հետ։ Գումարները պետական տեղեկատվական քաղաքականության նպատակով հատկացվել էին տեղեկատվական հանձնաժողովին եւ «Ղազախտելեկոմ» ազգային ընկերությանը, որոնք պայմանագրեր էին կնքել «ՂազՏԱԳ» լրատվական գործակալության հետ։ «Հատկացված 80 մլն թենգեն (222 հազար դոլար) եւ 260 մլն թենգեն (822 հազար դոլար) յուրացվել են Ազգային մամուլի ակումբի նախագահ Սեյթաքզը Մատաեւի կողմից»,- ասված է հաղորդագրության մեջ։ Մատաեւին կասկածում են նաեւ 908 հազար դոլարի չափով հարկերը թաքցնելու մեջ։

«Ադիլ Սոզ» խոսքի ազատության պաշտպանության միջազգային ֆոնդը հայտնել է, որ ձերբակալվել է «ՂազՏԱԳ» գործակալության տնօրեն Ասեթ Մատաեւը։