Շահագրգիռ բոլոր կազմակերպություններին խորհուրդ ենք տալիս մասնակցել փոքր եւ միջին բիզնեսի աջակցմանն ուղղված Եվրամիության COSME ծրագրին: Այս մասին փետրվարի 22-ին Հայաստանում բացված EU4Business Week համաժողովին հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի առաջին փոխնախարար Գարեգին Մելքոնյանը:
«COSME-ին միանալու համաձայնագիրը Հայաստանը ստորագրել է 2015 թվականի վերջին եւ արդեն ծրագրի լիիրավ մասնակից է: Ծրագրերին մասնակցության համար կարող են դիմել ե՛ւ պետական, ե՛ւ ոչ կառավարական կազմակերպությունները, ինչը մեզ համար նույնպես կարեւոր է: Այդ պատճառով կոչ եմ անում նրանց ուշադիր լինել, հետեւել COSME-ի ծրագրերին եւ միջոցցառումներին ու առավելագույնս մասնակցել դրանց»,- հայտարարեց Մելքոնյանը:
«Ծրագրում ըստ երկրների սահմանափակումներ չկան, այդ պատճառով Հայաստանից կարող են ակտիվություն ցուցաբերել այնքան կազմակերպություններ, որքան կցանկանան»,- հավելեց նա:
EU4Business Week համաժողովն անցկացվում է Հայաստանի Փոքր եւ միջին բիզնեսի համագործակցության ասոցիացիայի, Փոքր եւ միջին բիզնեսի եվրոպական կազմակերպության (UEAPME), Եվրոպական առեւտրա-արդյունաբերական պալատների ասոցիացիայի (Eurochambres) աջակցությամբ:





























