Ածխաջրածինների համաշխարհային պաշարների կրճատման ֆոնին 2020 թվականին նավթի գինը կհասնի 1 բարելը 80 դոլարի: Ըստ Bloomberg-ի, այս մասին հայտարարել է Միջազգային էներգետիկ գործակալության (ՄԷԳ) ղեկավար Ֆաթիհ Բիրոլը:
Նրա կարծիքով, նավթի գները կսկսեն աճել 2017 թվականի վերջին, քանի որ պահանջարկը կգերազանցի պաշարների ծավալը: Միաժամանակ, ՄԷԳ-ի կանխատեսմամբ, 2016 թվականին նավթի միջին գինը 35 դոլար կլինի:
Ըստ գործակալության, 2016 եւ 2017 թվականներին ԱՄՆ-ում նավթի արդյունահանման ծավալները կկրճատվեն, այնուհետեւ մինչեւ 2021 թվականը կաճեն, եւ Վաշինգտոնը համաշխարհային արդյունահանման աճի հիմնական լոկոմոտիվը կդառնա: Բացի այդ, Իրանը կփոխարինի Իրաքին՝ որպես ՕՊԵԿ-ի երկրների շրջանում արդյունահանման գլխավոր աղբյուր:
Forbes-ի հաղորդմամբ, 2016 թվականին Ռուսաստանում արդյունահանման ցուցանիշը կմնա պատմական ռեկորդի մակարդակին՝ կազմելով օրական 11.09 մլն բարել: Սակայն, ՄԷԳ-ի փորձագետների կարծիքով, 2021 թվականին արդյունահանման մակարդակը կկազմի օրական 10.8 մլն բարել՝ գոյություն ունեցող հանքերի հնացման եւ նորերի շահագործման համար ներդրումների սահմանափակման շնորհիվ:





























