Փետրվարի 24-ի դրությամբ ոսկին թանկանում է, քանի որ նավթի շուկայում անկայուն իրավիճակի ֆոնին ներդրողները նորից իրենց ուշադրությունը բեւեռել են թանկարժեք մետաղի վրա՝ որպես հուսալի ակտիվի։ Այս մասին են վկայում սակարկությունների տվյալները։
Երեւանի ժամանակով ժամը 10։03-ի դրությամբ Նյու Յորքի Comex ֆոնդային բորսայում ոսկու ապրիլյան մատակարարումները թանկացել են 5.5 դոլարով եւ կազմել 1228.2 դոլար տրոյական ունցիայի դիմաց։ Արծաթի մարտյան ֆյուչերսները թանկացել են 0.36 տոկոսով եւ կազմել 15.34 դոլար ունցիայի դիմա, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Նշենք, որ նավթի համաշխարհային գները նվազում են Իրանի նավթի նախարար Բիջան Զանգանեի այն հայտարարության ֆոնին, որ նավթի արդյունահանումը սառեցնելը անիրատեսական է եւ ծիծաղելի։ Սաուդյան Արաբիայի նավթի նախարար Ալի ալ Նաիմին Հյուսթոնում IHS CERAWeek կոնֆերանսի ժամանակ ասել էր, որ նավթի արդյունահանման սառեցումը չի նշանակում դրա ծավալների կրճատում։




























