Նյու Յորքում հիվանդանոցը, որի բժիշկները փորձել են փրկել ձերբակալման ժամանակ ոստիկանների կողմից հեղձամահ արված աֆրոամերիկացի Էրիկ Գարների կյանքը, համաձայնել է մահացածի ընտանիքին 1 մլն դոլար վճարել։

2014թ. հուլիսին Նյու Յորքի ոստիկանության աշխատակից Դենիել Փանթալեոն ձերբակալելիս խեղդել էր ասթմայով տառապող աֆրոամերիկացուն, որին կասկածում էին ծխախոտի ապօրինի վաճառքի մեջ։ Գարների ձերբակալության տեսանյութը նկարահանել էին անցորդները եւ տեղադրել համացանցում։ Երդվյալների դատարանը պատճառներ չէր գտել Էրիկ Գարների գործով մեղադրական եզրակացություն տալու համար, ինչը բողոքի ցույցերի պատճառ էր դարձել։

Նշենք, որ դեպքի վայր ժամանած բժիշկները համոզվել էին, որ Գարները դեռ շնչում է, եւ հետո նրան դրել էին պատգարակի վրա։ Հիվանդանոցի տեղեկություններով՝ Գարների սիրտը կանգ էր առել արդեն պատգարակի վրա։ Նրան փորձել էին վերակենդանացնել, սակայն անարդյունք։ Դատաբժշկական փորձաքննության եզրակացության համաձայն՝ տղամարդու մահը վրա է հասել ասթմայի, ավելորդ քաշի եւ սրտի հիվանդության ֆոնին նրան խեղդելու հետեւանքով։

Նյու Յորքի իշխանությունները պարտավորվել են զոհվածի ընտանիքին 5,9 մլն դոլար վճարել։ 1 մլն դոլարը, որը համաձայնել է վճարել հիվանդանոցը, այդ գումարի մեջ չի մտնում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։