Նեպալում ուղեւորատար ինքնաթիռի ավիաաղետի վայրում  հայտնաբերվել են ինքնաթիռում գտնված 23 ուղեւորից 17-ի մարմինները: Այդ մասին լրագրողներին հայտնել է Մյագդիի շրջանի ոստիկանության ղեկավար Ռաջա Հադկան. աղետը տեղի է ունեցել այդ շրջանում: 

«Մինչ այժմ փրկարարներին հաջողվել է ընդամենը  17 մարմին հայտնաբերել, - ասել է նա: Աղետի վայրում ծայրահեղ ցուրտը եւ ձյունը խոչընդոտում են Նեպալի բանակի` նեպալյան ոստիկանության եւ տեղի բնակիչներից կամավորների հետ համատեղ իրականացվող գործողությանը»: Նույն պատճառով չի հաջողվում օդ բարձրացնել ուղղաթիռը, ինչը կմեծացներ որոնումների արդյունավետությունը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը: 

Tara Airlines Viking 9N-AHH Twin Otter ավիաընկերության փոքրիկ ուղեւորատար  ինքնաթիռը   մայրաքաղաք Կատմանդուից  200 կմ հեռավորության վրա գտնվող Փոքհար քաղաքից օդ է բարձրացել  տեղի ժամանակով 07:47-ին ` ուղեւորվելով դեպի Մուստանգի շրջանի վարչական կենտրոն հանդիսացող Ջոմսոմ: Դիսպետչերների ցուցմունքների համաձայն, օդ բարձրանալուց 10 րոպե անց ինքնաթիռի հետ կապն ընդհատվել է:   

Ինքնաթիռում  20 ուղեւոր է եղել` ներառյալ երկու երեխա եւ երկու օտարերկրացի` ՉԺՀ-ի մի քաղաքացուհի եւ Քուվեյթի մի հպատակ, ինչպես նաեւ անձնակազմի երեք անդամները: Ինքնաթիռի բեկորները ջունգլիում հաջողվել է գտնել միայն չորսժամյա լարված որոնումներից հետո: