Fitch միջազգային վարկանիշային գործակալությունը 2016թ. նավթի գների կանխատեսումները իջեցրել է մինչեւ բարելի դիմաց 35 դոլար։ Այս մասին ասված է գործակալության զեկույցում։
Նոր բազային սցենարի համաձայն՝ 2016թ. Brent եւ WTI տեսակների նավթի գինը կկազմի բարելի դիմաց 35 դոլար։ Գործակալությունը նաեւ իջեցրել է 2016թ. համար գազի միջին գների կանխատեսումները՝ 2.25 դոլար հազար խորանարդ ֆուտի դիմաց։ Նախկինում Fitch-ը նավթի միջին գները կանխատեսում էր բարելի դիմաց 45 դոլարի, իսկ գազինը՝ 2.50 դոլարի սահմանում։ Գործակալությունը կարծում է, որ այս տարի նավթի գները դժվար վերականգնվեն, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Նվազումը պայմանավորված է մի շարք գործոններով. մեղմ ձմռան պայմաններում պաշարների մեծացում, սպասվածից ավելի մեծ արդյունահանում եւ գնալով ավելի ակնհայտ դարձող այն փաստը, որ համաշխարհային տնտեսությունը եկող տարի ավելի թույլ կլինի, քան նախկինում կանխատեսվում էր»,- ասված է փաստաթղթում։
Երկարաժամկետ հեռանկարում գործակալության բազային սցենարը անփոփոխ է մնացել։ Նավթի գինը կանխատեսվում է բարելի դիմաց 65 դոլարի սահմաններում, իսկ գազինը՝ 3.25 դոլար հազար խորանարդ ֆուտի դիմաց։




























