Վրաստանում մտադիր են խոշոր նավահանգիստ կառուցել, որն Ասիայից Եվրոպա երթուղու մաս կկազմի՝ շրջանցելով Ռուսաստանը:
Աբխազիայի մերձակա Վրաստանի սեւծովյան ափամերձ Անակլիա շրջանում խորը ջրային նավահանգստի շինարարության մրցույթում հաղթել է «Անակլիայի զարգացման կոնսորցիումը»՝ ամերիկյան Conti International ընկերության եւ վրացական TBC բանկի հետ համատեղ: Այս մասին հայտարարություն է տարածել Վրաստանի կառավարությունը:
Շատերի համար անսպասելի է եղել, որ Սեւ ծովում տարեկան 100 մլն տոննա բեռների շրջանառությամբ նավահանգիստ կառուցելու ցանկություն հայտնած չինական ընկերությունները չեն հաղթել մրցույթում: Ի դեպ, հենց Չինաստանն է Ռուսաստանը շրջանցող Ասիայից Եվրոպա ձգվող «Մետաքսի մեծ ճանապարհի» վերածննդի նախաձեռնողը:
Անակլիայի նավահանգիստը կարեւոր օղակ պետք է դառնա Խաղաղօվկիանոսյան ափերից դեպի Եվրոպա բեռների փոխադրման նոր ուղում: Անակլիայի հատակի ռելիեֆը թույլ է տալիս մեծ նավերի ընդունման հնարավորություն ունեցող նավահանգիստ կառուցել:
Մրցույթի պայմանների համաձայն, նավահանգստի թողունակությունը պետք է աստիճանաբար ավելանա՝ 10 տարի անց հասնելով 100 մլն տոննայի մակարդակի: Ներդրումների ընդհանուր ծավալն ավելի քան 2.5 մլրդ դոլար կկազմի, ինչն աննախադեպ թիվ է Վրաստանի համար:
Նախագծի հիմնական ներդրող է համարվում վրացական ծագմամբ ռուսաստանցի միլիարդատեր Տիմուր Կարչավան, որի մասին հայտնի է միայն, որ նա այն վայրերից է, որտեղ կառուցվելու է նավահանգիստը:
«Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայության փոխանցմամբ, Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին ընդգծել է, որ Անակլիայում շինարարության գործում հազարավոր տեղի բնակիչներ կներգրավվեն:
«Անակլիայի զարգացման կոնսորցիումն» արդեն 20 մլն դոլարի բանկային երաշխիք է ներկայացրել: Շինարարական աշխատանքները կմեկնարկեն 2017 թվականին, այն բանից հետո, երբ պատրաստ կլինի բնապահպանական գերատեսչությունների եզրակացությունը:





























