Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը օրենք է ստորագրել Եվրասիական տնտեսական ընկերակցության  (ԵվրԱզԷՍ)Հակաճգնաժամային հիմնադրամի ստեղծման մասին 2009-ի հունիսի 9-ի պայմանագրում փոփոխություններ մտցնելու մասին արձանագրության վավերացման վերաբերյալ, ինչպես նաեւ արձանագրություն ԵվրԱզԷՍ-ի Հակաճգնաժամային հիմնադրամի միջոցների կառավարման մասին 2009-ի հունիսի 9-ի համաձայնագրում  փոփոխություններ մտցնելու վերաբերյալ, տեղեկացրել է Ղազախստանի ղեկավարի մամուլի ծառայությունը:      

Պայմանագրում եւ համաձայնագրում արձանագրությամբ նախատեսված փոփոխությունները կապված են Եվրասիական տնտեսական ընկերակցության գոյության դադարեցման եւ որոշակի ֆինանսական դրամաշնորհային ծրագրերի ներդրման հետ, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»:  

Արձանագրությամբ նաեւ նորմ է նախատեսված  հիմնադրամի մաքուր եկամուտը  հիմնադրամին մասնակից եկամտի ցածր մակարդակ ունեցող երկրներում սոցիալական ոլորտում դրամաշնորհային ծրագրերի անվարձահատույց ֆինանսավորման մասին: 

2015-ի հունիսի 15-ից ԵվրԱզԷՍ-ի Հակաճգնաժամային հիմնադրամը վերանվանվել է Կայունության եւ զարգացման եվրասիական հիմնադրամ   (ԿԶԵՀ): Հակաճգնաժամային հիմնադրամը ստեղծվել է 2009-ի հունիսի 9-ին: Հիմնադրամի նպատակն է մասնակից երկրներին աջակցել ֆինանսական գլոբալ ճգնաժամի հետեւանքների հաղթահարման, նրանց տնտեսական եւ ֆինանսական կայունության ապահովման եւ տարածաշրջանում ինտեգրացիոն գործընթացներին աջակցության գործում: