Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) Կենտրոնական եւ Արեւմտյան Ասիայի տարածաշրջանի նորանշանակ գլխավոր տնօրեն Շոն Օ’Սուլլիվանի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էր նաեւ Հայաստանում ԱԶԲ գրասենյակի նորանշանակ ղեկավար Շեյն Ռոզենթալը:
Կառավարության ղեկավարը շնորհավորել է Շոն Օ’Սուլլիվանին եւ Շեյն Ռոզենթալին՝ պաշտոններն ստանձնելու կապակցությամբ եւ համոզմունք հայտնել, որ նրանց գործուն աջակցությամբ ՀՀ-ԱԶԲ 10-ամյա արդյունավետ համագործակցությունը զարգացման նոր լիցք կստանա: Վարչապետը բարձր է գնահատել մեր երկրում բանկի աջակցությամբ բազմաթիվ ծրագրերի իրականացումը եւ շնորհակալություն հայտնել տարեցտարի Հայաստանի՝ թե´ հանրային, թե´ մասնավոր հատվածի ծրագրերի պորտֆելի ընդլայնման համար:
ԱԶԲ տարածաշրջանային տնօրենը շնորհակալություն է հայտնել վարչապետին արդյունավետ գործակցության համար եւ ներկայացրել ՀՀ-ում ԱԶԲ գրասենյակի նորանշանակ ղեկավար Շեյն Ռոզենթալին: Պարոն Օ’Սուլլիվանը վստահություն է հայտնել, որ Հայաստանի հետ հուսալի գործընկերությունն այսուհետ ավելի մեծ թափով կզարգանա եւ բանկի անունից պատրաստակամություն հայտնել շարունակել աջակցությունը մեր երկրում տարբեր ոլորտներում իրականացվող ծրագրերին:
Զրուցակիցները քննարկել են համատեղ իրականացվող ծրագրերի առաջընթացն ու համագործակցության հեռանկարները: Արծարծվել են ճանապարհատրանսպորտային, ջրամատակարարման եւ ջրահեռացման, ինչպես նաեւ էներգետիկ ոլորտում գործակցությանը վերաբերող հարցեր:
Վարչապետը կարեւորել եւ առաջնահերթ է համարել «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի կառուցման ծրագիրը՝ նշելով, որ այն ռազմավարական նշանակություն ունի մեր երկրի համար: Հովիկ Աբրահամյանն անդրադարձել է նաեւ Մ6՝ Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման մայրուղու վերականգնման ծրագրին՝ կարեւորելով նաեւ դրա իրականացումը: ԱԶԲ տարածաշրջանային տնօրենը նշել է, որ երեկ Վրաստանից դեպի Հայաստան ճանապարհին ԱԶԲ պատվիրակությունը ծանոթացել է «Հյուսիս-հարավ» ճանապարհի կառուցման աշխատանքների, ինչպես նաեւ Մ6 մայրուղու նախնական աշխատանքների ընթացքին, եւ բանկը պատրաստ է շարունակել աջակցել այս ծրագրերի սահուն իրականացմանը:
Կողմերը քննարկել են ԱԶԲ աջակցությամբ իրականացվող «Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի», «Ջրամատակարարման եւ ջրահեռացման ոլորտի ծրագրի», «Ենթակառուցվածքների կայունության աջակցության ծրագրի» ընթացքին վերաբերող հարցեր, կարեւորել այս ծրագրերի շարունակականությունը եւ քննարկել հետագա քայլերը: Վարչապետ Աբրահամյանն անդրադարձել է նաեւ «Դպրոցների սեյսմիկ անվտանգության բարձրացման» ծրագրին եւ գոհունակություն հայտնել ծրագրի նախապատրաստման գործընթացում ԱԶԲ ակտիվ գործակցության համար: Իր հերթին պարոն Օ’Սուլլիվանը եւս ողջունել է այս ծրագրի նախաձեռնումը եւ իրականացումը՝ բարձր գնահատելով ՀՀ կառավարության քայլերն այդ ուղղությամբ:
Վարչապետը գոհունակություն է հայտնել ԱԶԲ հայաստանյան գրասենյակի եւ ՀՀ շահագրգիռ գերատեսչությունների համատեղ աշխատանքի կապակցությամբ՝ նշելով, որ ձեւավորվել է կառուցողական եւ ակտիվ համագործակցություն: Հովիկ Աբրահամյանը համոզմունք է հայտնել, որ Հայաստան-ԱԶԲ գործընկերությունը կշարունակի ծավալվել արդյունավետ փոխգործակցության մթնոլորտում, եւ կուտակված փորձը լավագույնս կծառայի համատեղ ծրագրերի հաջող իրականացմանը:






























