Մոսկվան չի թաքցնում Երեւանի հետ ռազմատեխնիկական համագործակցության փաստը եւ Բաքվին կոչ է անում ըմբռնումով մոտենալ։ Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Մենք արդեն դիվանագիտական աղբյուրներով ադրբեջանական կողմին հայտնել ենք, որ Ռուսաստանը Հայաստանի հետ կապված է դաշնակցային հարաբերություններով, այդ թվում զարգացնում է ռազմատեխնիկական համագործակցությունը»,- ասել է նա ճեպազրույցի ժամանակ։

«Դա բոլորին հայտնի փաստ է, մենք համագործակցում ենք բաց, ազատ եւ չենք թաքցնում դա։ Մենք հույս ունենք, որ այդ փաստը Ադրբեջանում հասկանում են»,- ընդգծել է Զախարովան։

Նրա խոսքով՝ Մոսկվան զենք մատակարարելիս հաշվի է առնում տարածաշրջանային բոլոր ռիսկերը։

«Ինչպես Հայաստանին, այնպես էլ բարեկամական Ադրբեջանին զենքի ցանկացած մատակարարում իրականացվում է տարածաշրջանում հավասարակշռության պահպանման անհրաժեշտությունը հաշվի առնելով»,- նշել է նա։