ԱՄՆ-ի ՌՕՈՒ-ն այս շաբաթվա ընթացքում միջմայրցամաքային բալիստիկական «Մինիթմեն-3» հրթիռի (ՄԲՀ) երկրորդ փորձարկումն է իրականացրել, տեղեկացնում է  «Ինտերֆաքսը»` վկայակոչելով AP գործակալությանը:

Չզինված ՄԲՀ-ն բաց է թողնվել «Վանդենբերգ» (Կալիֆորնիայի նահանգ) ավիաբազայից: Մոտ 6,5 հազար կմ թռչելով` հրթիռն ընկել է խաղաղօվկիանոսյան պոլիգոնում` Քվաջալեյն ատոլի մոտակայքում, որը Մարշալյան կղզիների կազմի մեջ է մտնում: 

ԱՄՆ-ի պաշտպանության փոխնախարար Ռոբերտ Ուորքը, որը ներկա էր ռազմավարական հրթիռի արձակմանը, հայտնել է, որ փորձարկումը Ռուսաստանի, Չինաստանի եւ ԿԺԴՀ-ի նման ռազմավարական հակառակորդներին ուղղված ուղերձ է այն մասին, որ Վաշինգտոնը միջուկային արդյունավետ զինանոցի է տիրապետում: 

«Մենք հենց դրա համար ենք անում դա, ասել է նա լրագրողներին արձակումից առաջ: Մենք, ռուսները եւ չինացիները կանոնավոր կերպով փորձնական արձակումներ ենք իրականացնում` համոզվելու, որ մեր ունեցած հրթիռները հուսալի են: Եվ դա ազդանշան է, որ անհրաժեշտության դեպքում մենք պատրաստ ենք միջուկային զենքն օգտագործել մեր երկրի պաշտպանության համար»:

«Մինիթմեն-3»-ը վերերկրյա բազավորման միակ ՄԲՀ-ն է: Դա ԱՄՆ-ի միջուկային ուժերի հիմքն է հանդիսանում: ԱՄՆ-ի ՌՕՈՒ-ի կազմում   450 նման հրթիռ կա, որոնք տեղակայված են Վայոմինգի, Մոնտանայի եւ Հյուսիսային Դակոտայի նահանգներում գտնվող երեք ավիաբազայի  արձակման հորատանցքային սարքավորումներում: