Հայաստանն ԱԻ ոլորտում աշխարհի 10 բարձրակարգ երկրների շարքում է։ Այդ մասին ասել է ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետտոն։

Փետրվարի 26-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը եւ ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետտոն ստորագրեցին «ՀՀ կառավարության եւ Միավորված ազգերի կազմակերպության միջեւ աղետների եւ արտակարգ իրավիճակների ժամանակ մարդասիրական օգնության բեռների ու մարդասիրական օգնություն իրականացնող անձնակազմի գույքի ներմուծումը, արտահանումը եւ տարանցումը պարզեցված կարգով կազմակերպելու մասին» համաձայնագիր:

Հանդիպմանը ներկա էր նաեւ ՄԱԿ-ի մարդասիրական գործերի համակարգման գրասենյակի (UNOCHA) Կենտրոնական Ասիայի եւ Կովկասի տարածաշրջանային գրասենյակի  ղեկավար Մարսել Վասսենը:

Փաստաթուղթը տիպական մաքսային համաձայնագիր է: Այն թույլ է տալիս աղետների դեպքում փրկարարական թիմներին արագ անցկացնել իրենց գույքը կարիքավոր երկրի սահմանից ներս: Աղետի դեպքում, ՀՀ ԱԻ նախարարությունը որպես իրավասու գերատեսչություն, պետք է մարդասիրական օգնություն ցուցաբերող ուժերի համար ապահովի գույքի եւ սարքավորումների արագացված եւ պարզեցված ռեժիմով ներկրում ու արտահանում:

Շնորհակալություն հայտնելով ՄԱԿ-ի մարդասիրական գործերի համակարգման գրասենյակին ԱԻ նախարարության հետ ակտիվ համագործակցության համար`  նախարար Ա. Երիցյանը նշեց, որ այս կառույցի հետ համագործակցությունն ունի երկար տարիների պատմություն, որի ընթացքում իրականացվել են բազում արդյունավետ ծրագրեր:

- 2015 թ. սեպտեմբերին մեր քաղաքային որոնողափրկարարական թիմը դարձավ Միջազգային որոնողափրկարարական խորհրդատվական խմբի (INSARAG) անդամ: Երբ 2012-13 թթ. խոսում էինք այդ մասին, դա հեքիաթ էր թվում՝ բարդ պահանջների պատճառով: Սակայն, նաեւ ՄԱԿ-ի աջակցությամբ մենք հաղթահարեցինք այդ պատնեշը: Եթե մեկս մյուսին նեցուկ չլինենք, խոշոր աղետների դեմ պայքարը շատ դժվար կլինի: Այս համաձայնագրի կնքումը վկայում է այն մասին, որ Հայաստանն, իրոք, ունի հզոր արտակարգ իրավիճակների նախարարություն եւ մեծ պատրաստակամություն՝ աջակցելու ցանկացած պետության,- հավելեց նախարար Ա. Երիցյանը:

Շնորհավորելով համաձայնագրի կնքման կապակցությամբ` Բ. Բուզետտոն մեծապես կարեւորեց այս փաստաթղթի ստորագրումը՝ ընդգծելով, որ Հայաստանը հետայսու պատրաստ է միջազգային ցանկացած աղետի դեպքում ուղարկել արագ արձագանքման իր ուժերը անհամեմատ դյուրացված կարգով:

- Հայաստանը Սպիտակի աղետալի երկրաշարժից հետո դարձել է ոչ միայն տարածաշրջանի, այլեւ աշխարհի առաջատար պետություններից մեկը` արտակարգ իրավիճակների ոլորտում պատրաստվածության տեսանկյունից: Սրա համար Հայաստանն արժանի է մեծ գովասանքի եւ ճանաչման, քանի որ այն այժմ դասվում է աշխարհի տասը բարձրակարգ պետությունների շարքին, որոնք ունեն նման համաձայնագիր եւ օգտվում են մարդասիրական օգնության տրամադրման ու ստացման պարզեցված կարգից: Սա նաեւ շնորհիվ նախարար Ա. Երիցյանի առաջնորդության եւ ձեր բոլորի համատեղ ջանքերի:

ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական համակարգողի խոսքով` համաձայնագիրն առաջին հայացքից կարող է աննշան թվալ, բայց դրա բացակայության պարագայում Ինդոնեզիայի ցունամիից հետո միջազգային թիմերի մուտքն այդ երկիր մեծ խնդիրներ առաջացրեց:

- Համաձայնագրի ստորագրումը նաեւ ապացուցում է Հայաստանի լուրջ մոտեցումը, կամքը եւ պատրաստակամությունը ոչ միայն ներքին, այլեւ` արտաքին ռիսկերին եւ աղետներին արձագանքելու,- նշեց Բ. Բուզետտոն: 

ՄԱԿ-ի մարդասիրական գործերի համակարգման գրասենյակը ստեղծվել է 1991թ. դեկտեմբերին:  Նպատակը արտակարգ իրավիճակներին եւ բնական աղետներին համապարփակ արձագանքման ՄԱԿ-ի համակարգի հզորացումն է: