Ինքնահռչակ Կոսովոյի Հանրապետության խորհրդարանում ընդդիմության ներկայացուցիչները  դարձյալ արցունքաբեր գազ են ցանել, նիստն ընդհատվել է:  

Նիստին նախատեսվում էր  հանրապետության նախագահ ընտրել: Այդ պաշտոնին հավակնում են Կոսովոյի Դեմոկրատական կուսակցության առաջնորդ Հաշիմ Տաչին եւ Ռաֆեթ Ռաման նույն կուսակցությունից: Կառավարության ներկայումս գործող կազմում Տաչին փոխվարչապետի եւ արտգործնախարարի պաշտոնն է զբաղեցնում: Կոսովոյի ընդդիմությունը բազմիցս հայտարարել է, որ թույլ չի տա Տաչիի ընտրությունը նախագահի պաշտոնում:   Կոսովոյի նախագահը պիտի ընտրվի մինչեւ մարտի   6-ը: Հակառակ դեպքում արտահերթ խորհրդարանական ընտրություններ կնշանակվեն, ինչին փորձում է հասնել ընդդիմությունը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:   

Նախագահի ընտրության համար բավարար է պատգամավորի 80 ձայնը: Ուրբաթ նիստին ներկա էր խորհրդարանի 120  պատգամավորից 104-ը: Նրանցից ոմանց հաջողվել էր գազի փոքրիկ բալոն մտցնել նիստերի դահլիճ, չնայած մուտքի մոտ միջադեպերից խուսափելու նպատակով մանրազնին ստուգմանը:  Վերջին շաբաթների ընթացքում կոսովյան խորհրդարանի գործնականում բոլոր նիստերն ուղեկցվում են ընդդիմության ներկայացուցիչների կողմից արցունքաբեր գազ ցանելով. վերջիններս հանդես են գալիս Բելգրադի հետ հարաբերությունների կարգավորման բանակցությունների մի շարք կետերի, մասնավորապես Կոսովոյում Սերբական շրջանների ընկերակցության ստեղծման դեմ: Ընդդիմությունը բազմիցս հայտարարել է, որ կարգելափակի խորհրդարանի աշխատանքը, մինչեւ որ հասնի վարչապետ Իսա Մուստաֆայի եւ նրա կառավարության հրաժարականին: 

Խորհրդարանի շենքի դիմաց գտնվող հրապարակում փետրվարի  23-ից վրաններ են տեղադրվել: Ընդդիմության ներկայացուցիչներն այստեղ բողոքի շուրջօրյա ակցիա են իրականացնում` պահանջելով կառավարության հրաժարական եւ արտահերթ ընտրություններ: