Իտալիայի արտգործնախարար Պաոլո Ջենտիլոնին բոլոր կողմերին, այդ թվում` Թուրքիային կոչ է արել անվերապահորեն ընդունել Սիրիայում հրադադարի պայմանները, որը, ՌԴ-ի եւ ԱՄՆ-ի միջեւ համաձայնագրին համապատասխան, պիտի ուժի մեջ մտնի փետրվարի 27-ից, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»:
Սիրիայի տարածքում հրադադարը «պետք է պահպանվի բոլորի կողմից եւ բոլորի նկատմամբ», ուրբաթ հայտնել է Ջենտիլոնին, որը մասնակցում է Կիպրոսում Միջերկրածովյան շրջանի եվրոպական երկրների արտգործնախարարների ամենամյա խորհրդակցությանը:
Սիրիայի տարածքում պատերազմող կողմերից հրադադարին մասնակցության հայտերի ընդունումը, որը որոշարկվել է ՌԴ-ի եւ ԱՄՆ-ի միջեւ համատեղ համաձայնագրով, լրացել է ուրբաթ` մոսկովյան ժամանակով 13:00-ին: «Նրանք, ովքեր միացել են ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի առաջարկած համաձայնագրին, պիտի իրենց հերթին սեփական պայմաններ չառաջադրեն, հակառակ դեպքում անհնար կլինի արդյունքի հասնել», — Սիրիայում հրադադարի հաստատման նկատմամբ Թուրքիայի ղեկավարության դիրքորոշմանը վերաբերող հարցին Ջենտիլոնիի պատասխանն է մեջբերում Ansa լրատվական գործակալությունը:





























