Սիրիայի կառավարության հետ հրադադար կնքելուն համաձայնել է 97 ընդդիմադիր զինված խմբավորում: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Բանակցությունների գծով բարձրագույն կոմիտեի հայտարարությունը:

Դրանում խմբավորումների հստակ անվանումներ չեն ներկայացվում, սակայն նշվում է, որ դրանց առնվազն մի մասը ներառված է, այսպես կոչված, «Սիրիական ազատ բանակ»-ի կազմում:

Ակնկալվում է, որ հրադադարն ուժի մեջ է մտնելու փետրվարի 27-ին, ժամը 00:00-ին: Ընդդիմությունը խոստացել է հրադադարին հետեւել երկու շաբաթվա ընթացքում:

Համապատասխան համաձայնությունը ձեռք է բերվել փետրվարի 20-ին, Ժնեւում: Ավելի ուշ՝ փետրվարի 22-ին, համաձայնեցվել է հրադադարի ռեժիմի մասին Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի համատեղ ծրագիրը: Հրադադարի պայմանները չեն տարածվելու ԻՊ-ի, «Ան-Նուսրայի ճակատ»-ի եւ այլ խմբավորումների վրա, որոնց ՄԱԿ-ն ու Ռուսաստանն ահաբեկչական են համարում: