Ամերիկյան տարածաշրջանային Republic Airways ավիաընկերությունը սնանկացել է օդաչուների պակասի պատճառով: Ընկերության ներկայացուցիչները դիմել են Նյու Յորքի դատարան՝ վարկատուներից պաշտպանվելու համար, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Մենք ծանր աշխատել ենք՝ խուսափելու համար այս քայլից»,-ասել է ընկերությունում: Նրանք հաստատել են, որ Republic Airways գործունեության վերակազմակերպման ծրագիր են ներկայացրել:
Republic Airways-ը ներքին թռիչքներ է իրականացնում համագործակցելով United Airlines, Delta Air Lines եւ American Airlines ավիաընկերությունների հետ: Ընկերությունն իր ավիապարկում ունի շուրջ 240 օդանավ, որոնք օրական մոտ 1250 թռիչք են իրականացնում: Ընկերությունն ունի մոտ 6 հազար աշխատակից, ներառյալ 2,1 հազար օդաչուները:
2015 թվականի երեք եռամսյակներին Republic Airways-ի թռիչքների ժամանակը կրճատվել է 5 տոկոսով: Ավիաընկերությունը չի կարողացել կատարել պայմանագրային պարտավորությունները, որի հետեւանքով գործընկեր Delta Air Lines ընկերությունը դիմել է դատարան:





























