Բոլիվիայի իրավապահ մարմինները փետրվարի 26-ին ձերբակալել են երկրի նախագահ Էվո Մորալեսի նախկին ընկերուհին Գաբրիելա Սապատային՝ չինական ընկերության օգտին «ազդեցության առեւտրի» համար:

Բոլիվիայի ՆԳ նախարար Կարլոս Ռոմերոն հայտնել է, որ խոսքը հրապարակային մեղադրանքների մասին է՝ կապված գործող կանոնները շրջանցելով ծառայություններ մատուցելու եւ ապօրինաբար կառավարության անունից տարբեր գերատեսչություններ նամակներ գրելու համար, որտեղ խնդրել է աջակցել չինական ՍԱՄՍ ընկերությանը:

Չիլիական La Tercera պորտալի փոխանցմամբ, ընդհանուր առմամբ չինական ընկերությունը Բոլիվիայում 560 մլն դոլարի պատվեր է ստացել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Միաժամանակ, նախագահ Մորալեսը, որը Սապատայի հետ ռոմանտիկ հարաբերություններ է ունեցել 10 տարի առաջ, ամբողջությամբ հերքում է իր մասնակցությունն այդ գործին: Երկրի ղեկավարը հանձնարարել է Գլխավոր վերահսկիչ վարչությանն ու Կոնգրեսին հետաքննել աղմկահարույց այդ գործը եւ ընդգծել, որ որեւէ մեկին մտադիր չէ հովանավորել այս իրավիճակում:

28-ամյա Սապատայի ձերբակալությունը երկրի իշխանությունները բացատրում են նրանով, որ նա, որպես Բոլիվիայում ՍԱՄՍ ընկերության  ներկայացուցչության առեւտրային տնօրեն, կարող է թաքնվել արդարադատությունից: