ԱՄՆ-ի Պետքարտուղարությունը գերատեսչության նախկին ղեկավար Հիլարի Քլինթոնի նամակագրությունից մոտ 800 փաստաթուղթ է հրապարակել:
Հրապարակվել է Քլինթոնի` գործընկերների եւ աշխատակիցների հետ նամակագրության մոտ 1,5 հազար էջ, որոնք ուղարկվել են նրա անձնական փոստարկղից, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
Ռուսաստանը հաճախ չի հիշատակվում դրանցում: Մասնավորապես, նամակներից մեկում ասվում է Մայքլ Մակֆոլին Ռուսաստանում ԱՄՆ-ի դեսպան նշանակելու մասին: Տեքստը թվագրված է 2011-ի սեպտեմբերով: Քլինթոնը նամակը ստացողներից մեկն է եղել:
Դատարանի նորացված վճռի համաձայն, պետքարտուղարությունը պիտի փետրվարի 29-ից հանրությանը մատչելի դարձնի իր նախկին ղեկավարի նամակագրությունը: Այսպիսով այդ հրապարակումը նախավերջինն է դարձել Քլինթոնի նամակների հրապարակման երկարատեւ գործընթացում:
Քլինթոնի էլեկտրոնային նամակագրության շուրջ սկանդալը բորբոքվել էր անցյալ տարվա մարտին, ամերիկյան պետական հաստատությունների վրա չդադարող կիբերգրոհների ֆոնին:
2015-ի հուլիսին երկու գլխավոր քննիչ ԱՄՆ-ի արդարադատության նախարարությանը դիմեցին` խնդրելով դատական գործեր հարուցել ԱՄՆ-ի պետքարտուղարի պարտականությունները կատարելու ընթացքում Հիլարի Քլինթոնի կողմից ծառայողական նամակագրության համար անձնական փոստն օտագործելու փաստով:





























