ԱՄՆ նախագահի թեկնածու Մարկո Ռուբիոն ծաղրել է Դոնալդ Թրամփին Twitter-ում արած ուղղագրական սխալների համար: Իսկ Թրամփն իր հերթին Ռուբիոյին Ռուսաստանի նախագահի համար հեշտ որս է անվանել:
Փետրվարի 25-ին կայացած քննարկումներից հետո Թրամփը Ռուբիոյի հասցեին քննադատություններ էր հրապարակել բլոգում: Ընդ որում, իրար հետեւից արված երեք գրառումներում էլ ուղղագրական սխալներ են եղել:
Ռուբիոն իր համախոհների առջեւ ելույթ ունենալիս բարձրաձայն կարդացել է Թրամփի բառերը եւ ծիծաղել սխալների վրա, փոխանցում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով CNN-ը:
«Ես երկու եզրակացություն ունեմ: Կամ այդպես են գրում Ուորթոնի բիզնես դպրոցում, որն ավարտել է Թրամփը, կամ էլ ինչպես նա Trump Tower երկնաքերը կառուցելիս է օգտվել արտասահմանցիների ծառայություններից, այնպես էլ թվիթներ անելիս է օգտվում»,- ասել է սենատոր Ռուբիոն:
Դրանից մի քանի ժամ անց Թրամփի գրառումներում սխալներն ուղղվել են: Ավելին՝ հայտնվել է նոր գրառում, որտեղ Թրամփը ծաղրել է Ռուբիոյին, քանի որ վերջինս հանրության առջեւ ելույթ ունենալիս ուժեղ քրտնում է:
«Օրինակ՝ Պուտինը գալիս է Վաշինգթոն, ահա մտնում է Ռուբիոն՝ ոտքից գլուխ թաց, իսկ Պուտինը նայում է նրան եւ ասում՝ ինչ է եղել սրան: Այնպես որ, նա շատ հեշտ որս է, հավատացե՛ք ինձ: Նա՝ որպես նախագահի, բանի պետք չէ»,- հայտարարել է Թրամփը:





























