Հայաստանը նոր վարկային ծրագրի հայտ կներկայացնի Եվրասիական կայունացման եւ զարգացման հիմնադրամին: Այդ մասին NEWS.am-ի թղթակցին հայտնել է Հայաստանի ֆինանսների փոխնախարար, գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը:
«Վարկի ենթադրվող ծավալը 25 մլն է, բայց հայտը մշակման վաղ փուլում է: Այն ոչ թե բյուջետային ընդհանուր աջակցության տեսք ունի, այլ տնտեսության ոլորտներից մեկի համար ծրագրի», - հավելել է Ջանջուղազյանը:
Նա հիշեցրել է, որ ԵԿԶՀ-ում (ԵվրԱզԷՍ-ի նախկին հակաճգնաժամային հիմնադրամը) Հայաստանի քվոտան 1,1 մլրդ դոլար է կազմում կամ էլ հիմնադրամի ընդհանուր ծավալի 13 տոկոսը (այսօրվա դրությամբ` 8,5 մլրդ դոլար):
Այդ քվոտայի շրջանակում Հայաստանի համար արդեն 3 ծրագիր է հաստատվել 490 մլն դոլար ընդհանուր գումարով. 300 մլն դոլար բյուջետային աջակցության (2015 – 17 թթ.-ին, 100 մլն-ական տրանշերով), 150 մլն դոլար Հյուսիս-Հարավ անդրհայկական մայրուղու ամենահարավային հատվածի կառուցման համար (Իրանի սահմանից մինչեւ Քաջարան ք.), ինչպես նաեւ 40 մլն դոլար հանրապետության ոռոգման համակարգերի վերանորոգման համար:
Նոր վարկը, ինչպես եւ նախորդները, կներգրավվի արտոնյալ պայմաններով, ոչ պակաս , քան 30 տոկոս դրամաշնորհային տարրով (վարկի արտոնյալության աստիճանի ցուցիչը նրա ընդհանուր պայմանների հիման վրա). չափանիշ, որով Հայաստանն առաջնորդվում է նաեւ այլ վարկատուների պարագայում:
Այն հարցին, թե հիմնադրամը կարո՞ղ է անցնել ռուսական ռուբլով կամ մասնակից երկրների (ԵԱՏՄ-ի 5 հանրապետությունը եւ Տաջիկստանը) ազգային արժույթներով վարկի տրամադրման, փոխնախարարը պարզաբանել է, որ դա բավականին բարդ խնդիր է: Քանի որ հիմնադրամը ձեւավորվել է դոլարով, հարց կառաջանա` ինչպես այն փոխադրել ազգային արժույթների, որպեսզի չտուժեն մասնակիցների մասնաբաժինային ներդրումները: «Առայժմ ինձ հայտնի չէ այդ թեմայով որեւէ քննարկում», - հայտնել է Ջանջուղազյանը:





























