Սոցցանցերում Չեչնիայի հանրապետության ղեկավարին սատարող ակցիա են սկսել՝ #Рамзаннеуходи (#Ռամզանմիհեռացիր) հեշթեգով: Այս մասին «Մոսկվան է խոսում» ռադիոկայանին տված հարցազրույցում հայտարարել է Չեչեն երիտասարդության միության նախագահ Ռուստամ Տապաեւը:
Instagram-ում մեկնարկած ակցիային ավելի քան 3 հազար մարդ է միացել:
«Քանի որ հանրապետության ղեկավարը կոչ արեց ցույցեր չանցկացնել, իհարկե, ոչ ոք այդպիսի բան չի անի: Բայց այդպիսի ակցիա համացանցում արդեն կա եւ թափ է հավաքում: Ամեն դեպքում, այն նպատակ ունի ցույց տալ Ռամզան Կադիրովին, որ իրեն իսկապես սատարում են ե՛ւ հանրապետության բնակիչները, ե՛ւ քաղաքացիներ ամբողջ Ռուսաստանից»,- նշել է Տապաեւը:
Ըստ ՌԲԿ-ի, փետրվարի 27-ին Կադիրովը հայտարարել էր, որ Չեչնիայի ղեկավարի պաշտոնում ինքը «գագաթնակետին» է հասել՝ հավելելով, որ իր ժամանակը եկել է: «Որպեսզի իմ անունը չօգտագործեն իմ ժողովրդի դեմ, կարծում եմ, որ պետության ղեկավարը պետք է այլ մարդու գտնի»,- ասել էր Կադիրովը:





























