Թուրքական դատարանը Անկարայի քաղաքապետ Մելիհ Գյոքչեքին վիրավորելու մեղադրանքով 2500 լիրա (800 դոլար) տուգանք վճարելու որոշում է կայացրել ստամբուլահայ հայտնի լրագրող Հայկո Բաղդատի նկատմամբ։
Թուրքական Cumhuriyet-ի փոխանցմամբ՝ Անկարայի վարչական դատարանը մասնակի բավարարել է Անկարայի քաղաքապետ Մելիհ Գյոքչեքի հայցն ընդդեմ Հայկո Բաղդատի։ Անկարայի քաղաքապետը Հայկո Բաղդատի դեմ 10 հազար լիրա փոխհատուցման հայց էր ներկայացրել։
Նշենք, որ դեռեւս 2015-ի մարտին Հայկո Բաղդատը մի առիթով Twitter-ում գրել էր «Մայրաքաղաքը հայի են հանձնել, ցավակցում եմ», որից հետո Անկարայի քաղաքապետը հայտարարություն է տարածել՝ իրեն հայ անվանելը որպես վիրավորանք ընդունելով։
Անկարայի քաղաքապետը դիմել էր դատարան՝ պնդելով, որ իրեն «հայ» անվանելով՝ վիրավորել են։ «Ժողովրդի կողմից այդքան սիրված, հարգված մեկի հանդեպ գարշանք պարունակող իմաստով օգտագործվող նման բառ ասելը անձնական վիրավորանք է եւ նրան ձայն տված, աջակցած եւ սիրած բոլորի անձանց հանդեպ՝ անարգանք»,-նշվել է Մելիհ Գյոքչեքի փաստաբանի հայտարարության մեջ։





























