Եթե «Ժառանգությունը» որոշի մասնակցել 2017-ի խորհրդարանական ընտրություններին, անպայման  կհայտնվի խորհրդարանում։ NEWS.am-ի հետ զրույցում  վստահեցրեց «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն՝ անդրադառնալով այն  մեկնաբանություններին, որ «Ժառանգությունն» արդեն քաղաքական լուսանցքում է եւ հաջորդ խորհրդարանում հայտնվելու հավանականություն գրեթե չկա։

«Եթե «ժառանգությունը» որոշեց մասնակցել ընտրություններին, դուք կտեսնեք այնտեղ մեզ, բայց մեր մասնակցությունը ինքնանպատակ չէ, կլինի արժեքավոր, երբ մենք ժողովրդի հետ մեկտեղ կունենանք իրական մեծամասնություն Ազգային ժողովում: Իսկ այս ընտրական մեխանիզմով ու մեքենայով, որը հիմնված է հանցագործության ու կոռուպցիայի վրա, դա ուղղակի ինքնախաբեություն է»,-ասաց նա։

Հովհաննիսյանը ողջունում է միասնական դաշինքով ընտրություններին մասնակցելու ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանի գաղափարը, թեեւ իրենք արդեն մեկ անգամ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության հետ դաշինքով անցել են խորհրդարան, սակայն որոշ ժամանակ անց այն տրոհվել է։ 

«Պարոն Բագրատյանի առաջարկը, որպես կենսական առաջարկ ողջունելի է, միայն պիտի տեսնենք՝ արդյոք դա, ի վերջո, կունենա որեւէ իրական առնչություն քաղաքական կյանքի հետ։ Զուտ թվաբանական համատեղմամբ այդ հարցը չի լուծվում եւ մինչ ընտրությունները պետք է բեկում լինի հասարակական կյանքում, որ ունենանք արտահերթ ընտրություններ»,-ընդգծեց Րաֆֆի Հովհաննիսյանը:

Ինչ վերաբերում է անցած խորհրդարանական ընտրություններում «Ազատ դեմոկրատների»  հետ իրենց դաշինքի ճակատագրին, նա ասաց․ «Մենք քաղաքացիական ակտիվությամբ, սակավ ռեսուրսներով տեւական պայքարի ենք գնացել եւ «Ժառանգությունը» մինչեւ հիմա իր օրակարգում չունի ընտրություններին մասնակցության կամ չմասնակցության խնդիր։«Ժառանգությունը» արժեք է, որը հարվածներ է ստանում այս կամ այն տեղից, քննադատվում, շնորհակալ ենք քննադատությունների համար, մենք  չենք վախենում։ Որտեղ կլինի պայքար, այնտեղ կտեսնեք «Ժառանգությանը»,-ասաց մեր զրուցակիցը՝ նշելով, որ ներկա դրությամբ պետք է համաժողովրդական պայքար լինի։