2015թ. հակառակորդի կողմից կատարված հանցագործության դեպքերով հարուցված 152 քրեական գործերը մեծ մասամբ վերաբերում են ղարաբաղա- ադրբեջանական շփման գծին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությանը, որի համաձայն, եթե 2014թ. հակառակորդի կողմից կատարված հանցագործության դեպքերով հարուցվել է 61 քրեական գործ, ապա` 2015 թվականին՝ 152 քրեական գործ, այսինքն`91 գործով կամ 149,2 %-ով ավելի:
«Ընդհանուր առմամբ, եւ 2014, եւ 2015 թվականները լարված են եղել: 2015թ.-ի լարվածությունը մենք անկասկած զգացել ենք, ժողովուրդն էլ բանակի հետ: Հարուցված քրեական գործերն էլ ընթացք ստացել են, բայց այս քրեական գործերի շրջանակում հիմնական օղակը, որը պետք է հակառակորդին պատասխանատվության կանչի, հայկական բանակն է, որը պատշաճ կերպով իրականացնում է իր առջեւ դրված խնդիրը»,- ասաց Սեյրան Օհանյանը:
Հիշեցնենք, որ 2016թ. փետրվարի 25-ին Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ քննարկվել էին Զինված ուժերում 2015 թվականին արձանագրված հանցագործությունների քննության արդյունքները, հանցանքի կատարմանը նպաստող պայմաններին, պատճառներին վերաբերող հարցեր։





























