Կոտայքի մարզի Սեւաբերդ համայնքում երիտասարդ տղաները չեն ամուսնանում, ոչ թե որովհետեւ չեն ուզում, այլ որովհետեւ աղջիկ չկա:

404 բնակիչ ունեցող գյուղի  համայնքապետ Հակոբ Բաբայանը ասում է, որ գյուղում թեպետ 24-30 տարեկան երիտասարդ տղաներ շատ կան, սակայն աղջիկների պակասը զգացվում է:

«18 ջահել տղա ունենք, որ աղջիկ լինի, էսօր էլ կամուսնանան, բայց գյուղի աղջիկները դպրոցն ավարտելուց հետո միանգամից ամուսնանում, գնում են: Սեւաբերդն էլ փոքր գյուղ է, մարդկանց մեծ մասն էստեղ իրար բարեկամ են, չեն կարող իրար հետ ամուսնանալ »,- ասում է Հակոբ Բաբայանը:

Սեւաբերդից, ճիշտ է, աղջիկներն ուրախությամբ հարս են գնում այլ գյուղեր կամ քաղաքներ, սակայն հարակից գյուղերից Սեւաբերդ հարս ուղարկել չեն շտապում:

«Մեր գյուղ հարս չեն տալիս: Ասում են՝ բարձրադիր գյուղ է, բնակլիմայական պայմանները լավը չեն, ապրելը դժվար է»,- նշում է գյուղապետը:

Նրա խոսքով, թեպետ գյուղացիները չեն հեռանում գյուղից՝ մշտական բնակություն հաստատելով այլ վայրերում, սակայն բնակչության թիվը շարունակում է նվազել, քանի որ գյուղում քիչ են երեխաներ ծնվում: Եթե տարիներ առաջ Սեւաբերդի բնակիչների թիվը համալրում էր 10 նորածին, ապա այժմ նրանց թիվը մի քանի անգամ նվազել է. այժմ այստեղ տարեկան 1-2 երեխա է ծնվում:

«Վերանում ենք, էլի, տարվա մեջ 25 մարդ մեռնում է, մեկը՝ ծնվում»,- ասում է համայնքապետը: