ԱԺ պատգամավոր, պետաիրավական մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը չի մասնակցի 5 ծառայակիցներին սպանելու մեղադրանքով ցմահ ազատազրկված Արթուր Մկրտչյանի բողոքի քննությանը:

«Զբաղված եմ, գործեր ունեմ, ժամանակի խնդիր կա»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց Հովհաննես Սահակյանը` նշելով, որ ինքը տեղյակ է ցմահ դատապարտյալի բարձրացրած խնդրից:

Բջջային հեռախոս պահելու համար վաղաժամկետ ազատվելու իրավունքից 5 տարով զրկվելու վերաբերյալ դատապարտյալի բարձրացրած հարցը, պատգամավորի խոսքով, շուտով, հնարավոր է, լուծում ստանա:

«Առաջիկայում եւ քրեական դատավարության օրենսգիրքը, եւ քրեական օրենսգիրքը, եւ քրեադատավարական օրենսգիրքը կփոփոխվեն, ցմահ դատապարտյալների բարձրացրած մի շարք խնդիրներ այդ հարթության մեջ, հնարավոր է`  լուծում ստանան, զիջումներ լինեն»,- ասաց Հովհաննես Սահակյանը:

Հիշեցնենք, որ Արթուր Մկրտչյանը դատարանում ասել էր, որ ուզում է` Հովհաննես Սահակյանը ներկա լինի դատական նիստին, անձամբ ծանոթանա խնդրին ու օրենքի փոփոխություն ձեռնարկի:

Արթուր Մկրտչյանը, որ տույժի է ենթարկվել երկու անգամ իր մոտ եղած բջջային հեռախոսը ինքնակամ հանձնելուց հետո, կարծում է՝ արդար չէ նման որոշումը: 20 տարի պատիժը կրելուց հետո վաղաժամկետ ազատ արձակման իրավունք ստացած Արթուրի դիմումը հանձնաժողովը չի քննարկել՝ պատճառաբանելով, որ ըստ օրենքի, նա պետք է վերջին հինգ տարիների ընթացքում չարամիտ խախտում գործած չլիներ, իսկ չարամիտ է համարվել նույն խախտումը երկրորդ անգամ կատարելը: