Ադրբեջանը սատարում է նավթի արդյունահանումը սառեցնելու շուրջ ՕՊԵԿ-ի երկրների նախաձեռնությունը: ANS հեռուստաալիքին տված հարցազրույցում այս մասին հայտարարել է Ադրբեջանի պետական նավթային ընկերության նախագահ Ռովնագ Աբդուլաեւը:
Նրա խոսքով, «այդ ուղղությամբ արդեն քայլեր են արվել»: «Անկեղծ ասեմ, մենք արդեն միացել ենք այդ դիրքորոշմանը: Մտադիր ենք 2016 թվականին սառեցնել նավթի արդյունահանումը, այսինքն՝ դրանք պահպանել նախկին մակարդակին, եւ արդեն դադարեցրել ենք արդյունահանման ծավալների ավելացման նախագծերը»,- ասել է Աբդուլաեւը:
Միաժամանակ, փետրվարի կեսերին Ադրբեջանի էներգետիկայի նախարարությունը հայտարարել էր, որ պետությունը չի ծրագրում սառեցնել նավթի արդյունահանումը: Էներգետիկայի փոխնախարար Նատիգ Աբբասովը Trend-ին տված հարցազրույցում հայտարարել էր, որ «Ադրբեջանի մասնաբաժինը նավթի համաշխարհային արդյունահանման ընդհանուր ծավալներում աննշան է եւ չի ազդում գների ձեւավորման վրա»:
2015 թվականին Ադրբեջանում նավթի արդյունահանումը կազմել է 41.689 մլն տոննա: Ընթացիկ տարում կանխատեսվող ցուցանիշը 40.7 մլն տոննա է:
Ներկայում բանակցություններ են ընթանում աշխարհում նավթի արդյունահանումը սառեցնելու շուրջ: Փետրվարի 16-ին Դոհայում ՕՊԵԿ-ի անդամ Սաուդյան Արաբիայի, Քաթարի, Վենեսուելայի նավթի նախարարներն ու Ռուսաստանի էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը քննարկել էին նավթի շուկայում գնային իրավիճակի բարելավման հնարավորությունները:




























