Զինվորներ ծնող հայ կնոջ դերը հավասարեցվել է տղամարդու դերին: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշել է ազգագրագետ Ռաֆիկ Նահապետյանը՝ հավելելով, որ հայ կինը դարեր շարունակ ունեցել է բացառիկ դեր ու նշանակություն ոչ միայն ընտանիքի պահպանման, այլեւ հասարակության ամրության հարցում:

«Այն էապես տարբերվել է աշխարհի մյուս ժողովուրդների կնոջ կերպարներից՝ ընտանիքին, զավակներին եւ ազգին իր անսահման նվիրվածությամբ», - նշել է նա:

Նահապետյանի խոսքով՝  ավանդաբար հայ կինը սրբացվել է, արժանացել հասարակության մեծարանքին, ինչի վկայությունն են նաեւ Նանե եւ Անահիտ աստվածուհիների գոյությունը հայոց դիցարանում:

Կնոջ դերի բարձրացումը երկրի հզորացման գործում ունեցել է բացառիկ ռազմավարական նշանակություն, քանի որ հենց նրան է վստահվել երեխայածնության եւ սերունդների դաստիարակության գործը: «Նախկինում հատկապես զինվորներ ծնող կնոջ դերը բարձրացվել է եւ հավասարեցվել տղամարդու դերին: Այդպիսի կնոջը թույլ էին տալիս  մասնակցել համայնքային ժողովներին, վճռորոշ էր դառնում նրա խոսքը: Եթե նա անցնում էր փողոցով, տղամարդիկ իրենց տհաճ խոսակցությունները դադարեցնում էին, գլուխ  տալիս եւ շարունակում խոսակցությունը միայն այն ժամանակ, երբ կինն արդեն հեռացած էր լինում: Կնոջ ներկայությունը սաստող գործոն էր հասարակության մեջ»,- ասաց Ռաֆիկ Նահապետյանը:

Առանձնահատուկ պատկառանք է եղել հատկապես ազգի մեծ մայրերի նկատմամբ, տոնական օրերին բոլոր հարազատներն այցելել են նրան, շնորհավորել եւ երկարակեցություն մաղթել:

«Հայերը պարտավոր էին ընտանիքներով այցելել ազգի մեծ կնոջը, ուրախացնել նրան, շնորհավորել: Հենց հայ կնոջ բացառիկ դերով է պայմանավորված, որ շատ ժողովուրդներ դուրս մնացին պատմության թատերաբեմից եւ իսկ մեր ազգը գոյատեւեց առ այսօր»,- ասաց ազգագրագետը:

Ազգագրագետի խոսքով, այժմ շատ բան է փոխվել. ներսի պատ լինելուց բացի հայ կինը սկսել է զբաղվել նաեւ դրսի աշխատանքներով, ինչը մի կողմից՝ ընտանիքի սոցիալական կարիքների, մյուս կողմից կնոջ՝ անկախացման պահանջի բավարարման նպատակ ունի:

«Հայ կինն այժմ ուզում է հասարակության լիարժեք անդամ լինել, աշխատել, գումար վաստակել: Այսօրվա պայմաններում կինն ավելի հեշտությամբ է աշխատանք գտնում, քան տղամարդը, որովհետեւ կինն ավելի ճկուն է եւ հարմարվող»,- նշեց Ռաֆիկ Նահապետյանը: