ԵՄ- Թուրքիա գագաթնաժողովին Թուրքիայի նախագահի առաջ գլուխները խոնարհող եվրոպացի առաջնորդների տեսքը զզվելի էր, գրում է Guardian բրիտանական պարբերականի տեսաբան Փոլ Մեյսոնը:

Եվրամիությունը միգրացիոն ճգնաժամի լուծման հարցում օգնություն է ակնկալում մի երկրից, որտեղ դեսպոտիզմն ու գրաքննությունն օրեցօր ուժեղանում են: Թուրքիան պատերազմում է ազգային փոքրամասնությունների դեմ, ոստիկանական հատուկ նշանակության ջոկատը գրոհում է ընդդիմադիր պարբերականի գրասենյակը, գաղտնի ծառայությունները մեղադրվում են ԻՊ-ին զինամթերք մատակարարելու մեջ, թուրք զինվորականները ոչնչացնում են ռուսական ռմբակոծիչը ու այդ ամենով հանդերձ՝ Անկարան հույս ունի դառնալ Եվրամիության անդամ, նշում է տեսաբանը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:

Դեռ երեք տարի առաջ թվում էր, թե Ռեջեփ Թայիփ Էրդողանին հաջողվել է հավասարակշռության հասնել երկրի ներսում: Այն ժամանակ կարելի էր ենթադրել, որ հասարակության առաջադեմ ու հետադիմական մասերը կարող են խաղաղ գոյակցել, որ քրդերը պայքարի փոխարեն կարող են տեղեր զբաղեցնել խորհրդարանական ընդդիմությունում, իսկ Էրդողանն էլ «երկիրը կմոտեցնի ԵՄ անդամակցությանը, բայց բավականին դանդաղորեն, որպեսզի ժողովրդավարության բացահայտ թերությունները հնարավոր լինի անտեսել»,- հիշեցնում է Փոլ Մեյսոնը:

Սակայն հիմա ամեն ինչ փոխվել է: Թուրքիայի նախագահը կոշտ ճնշում է բողոքի ակցիաները, նրա սադրանքով ավարտվեց հաշտեցումը «Քուրդիստանի բանվորական կուսակցության» հետ, ու Թուրքիայի հարավում մի քանի քրդական քաղաքներ գրեթե ավիրվեցին: Դրան ի պատասխան՝ Եվրամիությունն աչք է փակում Թուրքիայում ժողովրդավարության խաթարման ու խաղաղ բնակիչների դեմ ռազմական գործողությունների վրա, նկատում է տեսաբանը:

«Բայց այս ամենը ոչինչ է այն քարտի համեմատ, որը Էրդողանը կարող է դեռ հետագայում խաղարկել: Աֆղանստանի, Եմենի, Իրաքի ու Սիրիայի նման տրոհված կամ տրոհվող պետությունների ֆոնին որքան շատ պարտություններ է կրում թուրքական ժողովրդավարությունը, այդքան շատ պետք է Արեւմուտքը աջակցի նրան: Եվ որքան շատ է Եվրոպական հանձնաժողովը պնդում, որ Թուրքիան մի օր ԵՄ անդամ կդառնա, այդքան Եվրոպայում ուժեղանում են այն ուժերը, որոնք ուզում են դուրս գալ ԵՄ կազմից»,-ասված է հոդվածում:

Եվրամիության քաղաքացիները Թուրքիայի մասին ճշմարտությունն իմանալու իրավունք ունեն: ԵՄ իշխանությունները դեռ նոյեմբերին գովում էին Անկարային տնտեսական հաջողությունների համար՝ չնայած արդեն նկատելի էին բռնապետության բոլոր նշանները: Գլխավորը հարցն է մնում՝ արդյոք այն պետությունը, որը ակնհայտորեն խախտում է ԵՄ անդամակցության բոլոր չափանիշները, կարող է հեռանկարներ ունենալ ԵՄ-ում: Պատասխանը միայն մեկն է՝ իհարկե չի կարող, ու եվրոպական իշխանությունները պետք է այդ մասին հայտնեն Էրդողանին, վստահ է Guardian-ի տեսաբանը: