Դեռևս նախորդ տարվա վերջին երեք ամսական որդուն երեք ամսով Վանաձորի մանկատուն հանձնած 22-ամյա Մարիան մինչեւ օրս չի կարողանում երեխային հետ վերցնել: Պատճառն այն է, որ Լոռու մարզի Ֆիոլետովո գյուղից Երևան մեկնած կինը մշտական աշխատանք ու հիմնական բնակության վայր չունի, ինչի պատճառով չի կարող հոգալ երեխայի խնամքի ու կեցության հարցերը:

Երեխայից հեռու բնակվելու պատճառով Մարիան մինչև վերջերս ուշ-ուշ էր կարողանում տեսնել որդուն: Հեռավորության հետ կապված խնդիրը լուծելու համար Մարիան խնդրել է երեխային տեղափոխել Երևանի մանկատուն:

«Այսպես ավելի հաճախ կարող եմ տեսնել որդուս: Վերջին անգամ մի քանի օր առաջ եմ տեսել: Նա արդեն վեց ամսական է, շատ է մեծացել»,- պատմում է աղջիկը:

Որդու հայրն ազգությամբ հայ է, բնակվում է Լոռու մարզում: Մարիայի հղիության մասին իմանալով՝ պահանջել է, որ նա ընդհատի հղիությունը, որովհետև չի ցանկանում մոլոկան աղջկանից երեխա ունենալ: Ավելի ուշ նա լքել է աղջկան, Մարիան որոշել է, որ անպայման ունենալու է առաջնեկին:

Մարիան ասում է, որ չի ափսոսում նման քայլի համար: Հիմա նա միայն մի բան է  ուզում. Երևանում գտնել հիմնական աշխատանք, վարձով բնակարան ու որդուն հետ վերցնել մանկատնից: