«Քաղաքացիական դիրքորոշում» ՀԿ նախագահ Գեւորգ Դոստուրյանը դատի է տվել  «Ավտովարորդների պաշտպանության լիգայի» նախագահ Տիգրան Հովհաննիսյանին` իր ղեկավարած կազմակերպությունը դրածո անվանելու եւ զրպարտելու համար: Այս մասին այսօր` մարտի 9-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց  Գեւորգ Դոստուրյանը:

Նրա խոսքով` Տիգրան Հովհաննիսյանը կառավարությանն ուղղված նամակում «Քաղաքացիական դիրքորոշում» ՀԿ-ն անվանել է դրածո:

«Անցած շաբաթ նամակ է գրել կառավարություն, որտեղ գրել է, որ դրածո հասարակական կազմակերպությունների հետ են հանդիպում նախարարությունում, իր հետ հանդիպող չկա: Ինքը մեր կազմակերպությանն էր դրածո անվանել: Ես միանգամից ասեմ, որ դատի եմ տվել դրա համար, չնայած ստորագրած էր Մխիթար Օհանյան, հետո պարզվեց, որ ինքն է: Ես որ զանգահարեցի` թե ինչ եք գրել, ճանաչո՞ւմ եք ինձ, այդ Մխիթարն ասաց՝ չէ, չեմ ճանաչում, ես չեմ գրել, գրել են, ես էլ ստորագրել եմ: Տիգրանն էր զանգել մեր փաստաբանին, հանդիպում էր խնդրել, եկավ, ասացի՝ չես ամաչո՞ւմ, այս ի՞նչ ես գրել: Ասաց՝ ես պատրաստ եմ հերքել, բայց մի մասը, թե չէ նախարարությունը հետո իմ դեմ կօգտագործի այդ հերքումը: Ասացի` դա քո խնդիրն է, գրել էր՝ աթեիստ է, ասացի՝ հա՛, ես աթեիստ եմ, կարող ես գրել նաեւ, որ Ձմեռ պապուն չեմ հավատում»,- ասաց Գեւորգ Դոստուրյանը:

Նրա խոսքով` դատական լսումները կլինեն մայիսին: