ԿԳ նորանշանակ նախարար Լեւոն Մկրտչյանը նոր մեթոդներով կվերահսկի դպրոցներում առկա խնդիրները՝ հատկապես դրամահավաքը:

«Ամեն շաբաթ ես կպտտվեմ որեւէ դպրոցում պատահականության սկզբունքով՝ առանց նախապես տեղեկացնելու դպրոցի տնօրինությանը՝ եւ մարզերում, եւ քաղաքում»,- այսօր՝ մարտի 9-ին, լրագրողների հետ զրույցում նշել է Լեւոն Մկրտչյանը:

«Պատահական կմտնենք, կտեսնենք՝ ինչ խնդիրներ ունի դպրոցը, ուսուցիչներն ու աշակերտները, մարզերի դպրոցները ինչ վիճակում են, Երեւանինը՝ ինչ, որից հետո կհասկանանք, թե ինչ անել»,-ասաց նա:

Լրագրողների հարցին՝ թե մարտի 8-ից առաջ ինչու չի շրջել դպրոցներում՝ հասկանալու եղել են դրամահավաքներ, թե ոչ, նախարարը պատասխանեց. «Նոր էի նշանակված, ընդամենը 10-12 օր էր անցել, տեղեկացվելը եւս ժամանակ էր պահանջում: Եթե ես սկսեի պտտվել եւ ամեն տեսակ խնդիրներ բարձրացնել, չէի կարողանա հասկանալ, թե ոլորտն ինչ վիճակում է»:

Լեւոն Մկրտչյանը նշեց, որ այս շաբաթ ասուլիսով հանդես կգա եւ կպատասխանի բոլոր հարցերին: