Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատավոր Նելլի Բաղդասարյանը կդիմի փաստաբանների պալատ՝ դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմուքի մեջ մեղադրվող Վարդգես Գասպարիի փաստաբան Տիգրան Եգորյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու համար: Դատավորը այս որոշումը կայացրեց այսօր՝ մարտի 9-ին, գործով հերթական դատական նիստին, որն անցավ թեժ մթնոլորտում:
Դատարանը նման որոշում կայացնելու հեռացավ այն բանից հետո, երբ փաստաբանն իր պաշտպանյալի՝ դատական նիստերի դահլիճից վեց ժամով հեռացվելուց հետո լքեց նիստերի դահլիճը՝ հայտարարելով, որ իր պաշտպանյալը դեմ է իր բացակայությամբ նիստը անցկացնելուն:
Փաստաբանը նախքան այդ հանդես եկավ դատավորի որոշումների դեմ առարկություններով՝ նշելով, որ իր ու իր պաշտպանյալի նկատմամբ կիրառված նախազգուշական, այնուհետեւ նաեւ նիստերի դահլիճից հեռացնելու վերաբերյալ սանկցիաները չպատճառաբանված ու անօրինական են:
Դատավորը փաստաբանին հինգ րոպե ժամանակ տվեց՝ առարկությունները ամփոփ ներկայացնելու համար: Հինգ րոպեն լրանալուց հետո Տիգրան Եգորյանը շարունակեց ներկայացնել դրանք, ինչը վրդովեցրեց դատավորին, վիճաբանություն սկսվեց նրանց միջեւ:
«Դուք չեք կարող ինձ չթույլատրել ձեր գործողությունների հետ կապված հայտարարություններ անել: Այլ գործողություններ դուք կարող եք թույլատրել կամ ոչ, բայց դա չի վերաբերում հայտարարություններին կամ առարկություններին: Դուք չեք ասում իրավական հիմքը ձեր գործողությունների, դատական նիստերը արդարադատություն կոչվելու տիրույթից դուրս են: Վերանայեք ձեր պահվածքը եւ որոշումները: Մի դարձրեք անհնարին նիստերի ընթացքը»,- հայտարարեց փաստաբանը:
Իրեն անընդհատ ընդհատել փորձող դատավորին դիմելիս փաստաբանը «լսեք» բառը օգտագործեց, ինչից Նելլի Բաղդասարյանը բարկացավ: Նա հայտարարեց, որ փաստաբանն այդ կերպ վիրավորում է իրեն, իրեն դիմելիս պարտավոր է օգտագործել «հարգելի դատավոր» դիմելաձեւը: Դատարանը չլսեց պաշտպանի՝ ինքնաբացարկի միջնորդությունը, նախ նախազգուշացում դատական սանկցիան կիրառեց նրա նկատմամբ, ապա, երբ փաստաբանը լքեց նիստերի դահլիճը, հեռացավ խորհրդակցական սենյակ ու որոշում կայացրեց դիմել փաստաբանների պալատ՝ Տիգրան Եգորյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու համար:
Նշենք, որ այս նիստին դատարանը փաստաբանի նկատմամբ երկու անգամ նույն սանկցիան կիրառեց: Առաջինը այն բանից հետո էր, երբ դատարանում ի նշան բողոքի պառկած Վարդգես Գասպարիին նիստերի դահլիճից վեց ժամով հեռացնելու որոշմանը փաստաբանը առարկեց ու կրկին բանավեճ առաջացավ նրա ու դատավորի միջեւ:
Դատական նիստն այսօր հետաձգվեց, հաջորդ դատական նիստը տեղի կունենա մարտի 12-ին:
Հիշեցնենք, որ Վարդգես Գասպարին փետրվարի 19-ին Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ կալանավորվել է, ապա փետրվարի 26-ին Վերաքննիչ քրեական դատարանի որոշմամբ` ազատ է արձակվել:
Նա մեղադրվում է վարչական գործով նշանակված դատական նիստի ժամանակ դատավարությանը մասնակցող ոստիկանության ներկայացուցիչների եւ դատական նիստը նախագահող դատավորի հասցեին վիրավորական արտահայտություններ հնչեցնելու մեջ:





























