Ավիավառելիքի բարձր գների պատճառով Երեւանում օդանավի տոմսերը պետք է 20-30 տոկոսով ավելի թանկ լինեն, քան Թբիլիսիում։ Այս մասին մարտի 9-ին լրագրողներին ասել է «Արմենիա» նոր ավիաընկերության բաժնետեր Թամազ Գաիշվիլին։
Նրա խոսքով՝ ավիավառելիքն այստեղ ի սկզբանե արդեն թանկ է Վրաստանի հետ համեմատ։ Հայաստանի կառավարության հետ հարցը քննարկվել է։ «Իհարկե, որպես սկսնակ ընկերություն, մեզ ավելի շահավետ գներ են պետք։ Հնարավոր է, օգնեն։ Սակայն ինքնարժեքից էժան վաճառել նույնպես չեն կարող»,- հավելել է նա։ Միաժամանակ Գաիաշվիլին նշեց, որ օդանավակայանի սպասարկման առումով հաղթում է Երեւանը։ Երկու օդանավակայաններում դրույքները գրեթե նույնն են, սակայն սպասարկման որակով Երեւանում ավելի լավ է։ Այդուհանդերձ, վառելիքի պատճառով պոտենցիալ գինը բարձր է լինում։
Նշենք, որ ավիաընկերության բաժնետերերն են Աշոտ Թորոսյանը՝ 51 տոկոս, Ռոբերտ Հովհաննիսյանը՝ 25 տոկոս եւ Թամազ Գաիաշվիլին՝ 24 տոկոս։





























