Մեծամասնական ընտրական համակարգն ավելի ժողովրդավարական է, քան համամասնականը։ Այս մասին մարտի 10-ին կայացած մամուլի ասուլիսին ասել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լեւոն Մարտիրոսյանը։
Նրա խոսքով՝ Ընտրական օրենսգրքի նախագիծը վերջնական չէ։ «Ազգային ժողովում ֆորմալ լսումները եւ քննարկումները դեռ չեն սկսվել։ Սակայն ԸՕ մոտավոր տարբերակը կարող է վկայել այն մասին, թե ինչպես են կայանալու առաջիկա ընտրությունները։ Իհարկե նախագիծը բխում է սահմանադրական փոփոխություններից»,- նշել է Մարտիրոսյանը։ Միաժամանակ պատգամավորը նշել է, որ անձամբ ինքը միշտ եղել է եւ մնում է մեծամասնական համակարգի կողմնակից։ «Ռեյտինգային քվեարկությունը համարվում է մեծամասնական ընտրական կարգի տարբերակներից մեկը։ Այն մոտ է մեծամասնական կարգին, եւ դա լավ է»,- նշել է Լեւոն Մարտիրոսյանը։





























