Քվեարկված ցուցակների հրապարակումը հանրության վստահության բարձրացման միակ բալասանը չէ, դրանով բոլոր հարցերը չեն լուծվելու։ Այս մասին այսօր՝ մարտի 10-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը։
«Բայց պետք է վստահությունը մեծացնել, այնպիսի մեխանիզմներ ներդնել, որ մեր քաղաքացիները համոզված լինեն, որ ուրիշի փոխարեն քվեարկել հնարավոր չէ, ՀՀ-ից բացակայողների փոխարեն քվեարկել հնարավոր չէ։ Եթե այս հարցերը լուծվեն, կմեծանա վստահությունը»,-ասաց Վարդանյանը։
Նրա խոսքով, բալասան կարող են լինել նոր տեխնիկական միջոցների կիրառումը, քվեարկողների նույնականացումը: «Թեեւ դժվար է ու ժամանակը կարճ է, բայց պիտի փորձել ՀՀ քաղաքացիներին ապահովել անձը հաստատող մեկ միասնական փաստաթղթով, այս պարագայում ես վստահ եմ՝ հարցը կդառնա երկրորդական։ Երկրորդական դառնալով հանդերձ՝ ես էլի չեմ բացառում, որ հանրության մոտ վստահության էական պակաս նկատելով՝ դարձյալ պետք է քննարկել ցուցակների հրապարակման հարցը»։
Ինչ վերաբերում է նրան, որ Ընտրական օրենսգրքի Վենետիկ ուղարկված նախագծում տեղ չեն գտել ընդդիմության առաջարկները, Աղվան Վարդանյանը պատասխանեց․ «Օրենսդրական տեխնոլոգիայի մասին է խոսքը, եթե մենք պատկերացնում ենք, որ ցանկացած օրենք քննարկվում է հասարակության շերտերի կողմից, նոր գալիս է Ազգային ժողով, այդպես չէ մեր Սահմանադրությունը։ ԱԺ գալիս է այն նախագիծը, որը ներկայացրել են պատգամավորները կամ կառավարությունը, իհարկե, լավ կլիներ՝ եթե մինչեւ Վենետիկ ուղարկելը այստեղ հրապարկվեր, բայց այստեղ էլ բացատրում են, որ Վենետիկի հանձնաժողովի նստաշրջանը ունի կոնկրետ ամսաթվեր, եթե ուշ ուղարկեինք Վենետիկը իր առաջիկա նիստում չէր հասցնի հարցը քննարկել, չեմ կարծում, որ այստեղ մեծ ողբերգություն կա»։




























