Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը լաբորատոր փորձաքննության է ենթարկել Երեւանում ու Վանաձորում հայտնաբերված ներկված նռերը եւ չի կարողացել պարզել ներկի բնույթը: Այս մասին այսօր՝ մարտի 10-ին,  NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության մամուլի քարտուղար Նվարդ Առաքելյանը:

«Մենք ուսումնասիրեցինք Վանաձորում եւ Երեւանում հայտնաբերված ներկված նռերը, պարզվեց, որ դրանց ներկը միայն ացետոնն է մաքրում, ջուրը չի մաքրում, սակայն ներկի բնույթը՝ սննդային է այն, թե ոչ, չկարողացանք պարզել »,- ասաց նա:

Նվարդ Առաքելյանի խոսքով՝ տեսչությունը դիմել է Ոստիկանություն՝ նռերը լրացուցիչ հետազոտության ենթարկելու եւ ներկի բնույթը պարզելու համար:

«Ոստիկանությունն ուսումնասիրության ավելի լայն հնարավորություններ ունի, դրա համար դիմել ենք նրանց»,- ասաց նա:

Տեսչությունը չի կարողացել պարզել նաեւ ներկված նռերը ներմուծողին կամ մեծածախ վաճառողին, քանի որ, ինչպես նշեց Նվարդ Առաքելյանը, դրանք ձեռք են բերվել առանց համապատասխան փաստաթղթերի:

«Ոստիկանությունը պետք է զբաղվի նաեւ այս հարցով»,- նշեց նա:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության (ՍԱՊԾ) Լոռու մարզային կենտրոնի աշխատակիցները Վանաձորի մթերքի շուկայում ուսումնասիրություն իրականացնելիս երկու վաճառակետից ներկած նուռ են հայտնաբերել, որոնք ուղարկվել են Երեւան` լաբորատոր փորձաքննության: Այս մասին փետրվարի 11-ին, NEWS.am-ին հայտնեց Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության Լոռու մարզային կենտրոնի պետ Կամո Սողոյանը: Նրա խոսքով՝ վաճառողներից մեկի մոտ հայտնաբերվել է 2 կգ, մյուսի մոտ` 1 կգ ներկված նուռ:

«Նյութը դեռեւս պարզ չի: Նախ պետք է պարզվի` ինչ ներկով են ներկված, ապա կորոշվեն հետագա քայլերը»,- նշեց Կամո Սողոյանը: