ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանն այսօր՝ մարտի 11-ին, մերժել է «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի անդամ Գեւորգ Սաֆարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց  կալանքը վերացնելու պահանջով պաշտպանի բողոքը:

Դատարանի բակում ի պաշտպանություն Գեւորգ Սաֆարյանի բողոքի ակցիա անցկացնողներին վրդովեցրել է որոշումը, նրանք ձվեր են նետել դատարանի ուղղությամբ:

Ոստիկանները հեռացրել են ակտիվիստներին, որոնցից մեկին՝ «Ոտքի Հայաստան» նախաձեռնության անդամ Գագիկ Եղիազարյանին բերման են ենթարկել:

NEWS.am-ի հետ զրույցում «Նոր Հայաստանի» քաղխորհրդի անդամ Վարուժան Ավետիսյանը նշեց, որ Սաֆարյանի պաշտպանի պնդմամբ՝ Վերաքննիչի որոշումը հիմնավորված չի եղել:    

«Ակնհայտ է, որ իրավական որոշում չի կայացվել այս հարցով, քաղաքական որոշում է եղել: Գեւորգը դասական քաղբանտարկյալ է»,-ասաց նա:

Նշենք, որ այս պահին մի խումբ ոստիկաններ դեռեւս հսկում են Վերաքննիչ քրեակն դատարանի շենքը:

 Հիշեցնենք, որ Երեւանի Ազատության հրապարակում Ամանորի գիշերը ընդդիմադիր «Նոր Հայաստանի» անդամների եւ ոստիկանների միջեւ բախումներ էին տեղի ունեցել: Պատճառը տոնածառի հագուստով մայրաքաղաքի փողոցներում շրջող ակտիվիստն էր: Երեք անձ բերման էր ենթարկել, այդ թվում՝ Գեւորգ Սաֆարյանը: Գեւորգ Սաֆարյանին մեղադրանք է առաջադրվել ՔՕ 316-րդ հոդվածի 1-ին մասով՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը: Ըստ իրավապահ մարմինների` Գեւորգ Սաֆարյանը բռնություն է գործադրել Ոստիկանության 4-րդ հատուկ գումարտակի հրամանատար, ոստիկանության կապիտան Գեղամ Խաչատրյանի նկատմամբ: