Հայաստանի նոր Ընտրական օրենսգրքի նախագծում առաջարկվող համամասնական համակարգը կուսակցության եւ անհատի սկզբունքների համադրության հաջող մոդել է։ Այս մասին մարտի 11-ին՝ նոր Ընտրական օրենսգրքի նախագծի հանրային քննարկման ժամանակ, ասել է արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը։

Նախարարը հիշեցրել է, որ նոր Սահմանադրությամբ խորհրդարանական ընտրությունները պետք է անցնեն միայն  համամասնական համակարգով։ Տարբեր երկրներում համամասնական մոդելի ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ այդ համակարգն ունի ինչպես բազմաթիվ առավելություններ, այնպես էլ թերություններ։ «Հիմնական թերություններից մեկը ընտրողի եւ թեկնածուի միջեւ կապի բացակայությունն է, իսկ մեծամասնական համակարգի դեպքում մենք գործ ունենք անհատի գործոնի շեշտադրման հետ»,- նշել է նախարարը։

Նա հիշեցրել է, որ ԸՕ նախագծում առաջարկվում է Հայաստանի տարածքը բաժանել 13 ընտրական տարածքի, 9 –ը՝ մարզերում, 4-ը՝ Երեւանում։ «Դրանով երաշխավորվում են համամասնական համակարգի առավելությունները, իսկ ընտրողը հնարավորություն ունի հասկանալ, թե ով է իր պատգամավորը, որ տարածքային համամասնական ցուցակում է նա»,- հավելել է Արփինե Հովհաննիսյանը։