Գյումրիում մարտի 10-ին միտումնավոր իրար բախված մեքենաների վարորդները NEWS.am-ի տեղեկություններով՝ Գյումրիի ավագանու անդամ Տիգրան Փանոսյանի եւ ավագանու նախկին անդամ Չուբար Զարգարյանի ազգականներն են:

Մեր տեղեկություններով՝ գործարար, Գյումրիի «Բյուզարդ» ռեստորանի սեփականատեր,  «Կրուգի Մըստ» մականունով հայտնի Տիգրան Փանոսյանի ազգականը եւ Չուբար Զարգարյանի եղբորորդին դեպքից օրեր առաջ վիճաբանել են ինչ-որ աղջկա պատճառով, ավելի ուշ հանդիպել, զրուցել, տարաձայնությունները հարթել, սակայն դեպքի օրը Գյումրիի Խանջյան փողոցում պատահաբար հանդիպել են եւ դիտավորյալ մեքենաներով բախվել իրար, ապա հեռացել՝ վնասված մեքենաները թողնելով տարբեր վայրերում:

Գյումրիիում խոսում են, որ Փանոսյանի ազգականը վիրավորական արտահայտություն է թույլ տվել Զարգարյանի ազգականուհու հասցեին, ինչից էլ առաջացել է վեճը:

Նշենք, որ ըստ շրջանառվող լուրերի՝ դեպքի օրը Խանջյան փողոցում հնչել են նաեւ կրակոցներ: Ոստիկանությունից, սակայն, առայժմ որեւէ տեղեկություն չեն հաղորդում կրակոցներ հնչելու առնչությամբ, իսկ հնչե՞լ են կրակոցներ, թե՞ ոչ, առայժմ պարզ չէ, դեպքի վայրում էլ պարկուճներ չեն հայտնաբերվել:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Գյումրիում մարտի 10-ին՝ ժամը 20-ի սահմաններում, տեղի է ունեցել առեղծվածային ավտովթար: Խանջյան փողոցում իրար են բախվել երկու ավտոմեքենա, սակայն մեքենաները շատ արագ հեռացվել են դեպքի վայրից:

Գյումրիում մարտի 10-ին հնչել են կրակոցներ: Ըստ նախնական տեղեկությունների՝ կրակոցները հնչել են Խանջյան փողոցի վերջնամասում գտնվող Ուրարտու ռեստորանային համալիրի մոտ: Խանջյան թաղամասի բնակիչները ԳԱԼԱ-ին  փոխանցել են, որ տեղի է ունեցել փոխհրաձգություն: