Հայաստանից տարբեր պատճառներով արտագաղթած քաղաքացիները նույն պատճառներով էլ որոշ ժամանակ անց վերադառնում են: Այս մասին այսօր՝ մարտի 11-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ զբաղվածության պետական գործակալության աշխատանքային միգրացիայի բաժնի պետ Գագիկ Թորոսյանը:
«Այն, որ աշխատանք չկա, դրա համար էլ գնում ենք, դա դժգոհության արտահայտման ձեւ է: Մարդիկ գնում են սոցիալական երաշխիք ասածի համար՝ լավ առողջապահություն, լավ կրթական համակարգ, լավ կենսաթոշակ: Մարդիկ որ գնում են իրենց ընտանիքի համար, նրանց 50 տոկոսը հետո չեն ցանկանում, որ իրենց երեխաներն այլ երկրում ստանան կրթություն ու վերադառնում են հենց իրենց ընտանիքի պատճառով»,- ասաց նա:
Գագիկ Թորոսյանի խոսքով՝ վերադառնալու դեպքում քաղաքացիները տարբեր խնդիրների առջեւ են կանգնում հատկապես միջավայրի փոփոխության պատճառով:
«Աշխատանք գտնելն է դժվար լինում: Երեխաները, որ մեծացել են արտասահմանում, դժվար են ինտեգրվում այստեղ»,- ասաց նա՝ նշելով, որ վերադարձող միգրանտները ընդգրկվում են հատուկ խմբերում ու ներառվում են պետական ծրագրերում:
Գագիկ Թորոսյանի խոսքով՝ շատ անգամ արտերկիր մեկնած հայերը Հայաստանում գտնվող իրենց ծանոթներին իրականությունը չեն պատմում ու մյուսներն էլ շահագրգռված են լինում մեկնել:
«Չեն ասում, որ վատ է այնտեղ: Ասում են՝ լավ է, բայց երբ այդ արձագանքների վրա գնում են ուրիշները, շատ անգամ մինչեւ անգամ արտաքսվելով հետ են գալիս: Այնտեղ ամենաշատը ստանում են 1200-1500 եվրո գումար, ու այն մարդիկ էլ, որ այստեղ ապրում են 200-300 հազար դրամ աշխատավարձով, փաստորեն գրեթե նույն կերպ են ապրում»,- ասաց նա:



























