Անընդունելի է, երբ տնօրենի աշխատասենյակը նորոգված է, իսկ տվյալ կրթօջախի պայմանները հեռու են բավարար լինելուց: Այս մասին, այսօր՝ մարտի 11-ին, Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության եւ ընտանիքի, կանանց եւ երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի աշխատակիցների հետ կայացած խորհրդակցության ժամանակ նշել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
Քաղաքապետարանից NEWS.am-ին հայտնում են, որ կարեւորելով հանրակրթական դպրոցներում ձեւավորված կառավարման խորհուրդների աշխատանքը՝ քաղաքապետը ընդգծել է, որ դրանք պետք է լինեն թափանցիկ. «Հանրակրթական դպրոցներում ձեւավորված կառավարման գրեթե բոլոր խորհուրդներում ունենք քաղաքապետարանի ներկայացուցիչներ. իսկ երբեւէ փորձե՞լ եք գնահատել, թե որքանով է այդ խորհուրդների գործունեությունը արդյունավետ: Այստեղ դեռ կան անընդունելի երեւույթներ, որոնք շտկելու անհրաժեշտությունը հրատապ է: Ինձ համար, օրինակ, անընդունելի է, երբ տնօրենի աշխատասենյակը նորոգված է, իսկ տվյալ կրթօջախի պայմանները հեռու են բավարար լինելուց: Իսկ տնօրենը նախ եւ առաջ պետք հարմարավետ պայմաններ ապահովի դպրոցի համար, ոչ թե մտածի իր հարմարավետության մասին»:
Նրա խոսքով, նՆման վերաբերմունքն ու մոտեցումը պետք է բացառվի: «Ակնկալում եմ, որ այս տարի վարչության պատասախանատուները նմանատիպ հարցերում կլինեն ավելի խիստ ու պահանջկոտ: Մեզ պետք են ակտիվ, նախաձեռնող տնօրեններ, ոչ թե սեփական հարմարավետությունը գերադասողներ: Այս հարցում մեծ անելիք ունեն նաեւ կառավարման խորհուրդները, որոնց օբյեկտիվությունը հաստա՛տ որակ կփոխի»,-ընդգծել է Մարգարյանը:



























