Մանկապարտեզներում երեխաների հերթագրման էլեկտրոնային համակարգի ներդրումը հստակեցրեց պատկերը, թե իրականում որքան պահանջարկ կա, բայց պետք է խստորեն հետեւել հերթացուցակներին: Այս մասին, այսօր՝ մարտի 11-ին, Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության եւ ընտանիքի, կանանց եւ երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի աշխատակիցների հետ կայացած խորհրդակցության ժամանակ նշել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
«Վերջին տարիներին, երբ համայնքային ենթակայության մանկապարտեզները դարձրինք անվճար, ընդունելությունների մեծ հերթեր գոյացան: Եվ այդ խնդրի լուծման ճանապարհին՝ մանկապարտեզներում երեխաների հերթագրման էլեկտրոնային համակարգի ներդրումը հստակեցրեց պատկերը, թե իրականում որքան պահանջարկ կա: Հանրակրթության վարչությունը պետք է խստորեն հետեւի հերթացուցակներին»,-ասել է նա:
Քաղաքապետի խոսքով, իրենց նպատակն այս հարցում կանոնակարգում մտցնելն է, որպեսզի իր հերթին սպասող որեւէ երեխա համակարգից դուրս չմնա: «Ուստի եղեք զգոն եւ հետեւողական, առավել եւս, որ երեխաներին մանկապարտեզ տալու ցանկություն հայտնող ծնողների զգալի մասը աշխատող մարդիկ են: Ու մենք այս հարցում պետք է հնարավորին աջակցենք մեր այդ համաքաղաքացիներին»,-ընդգծել է քաղաքապետը:





























